Հայաստանում պետական հեղաշրջում է պատրաստվում
Հարցազրույց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Վերջին օրերին ավելի հաճախ է հնչում այն հարցը, թե փաշինյանական հավաքների թիկունքում կա՞ն դրսի ուժեր, թե՞ չկան, ի՞նչ է կատարվում մեր երկրում՝ գունավոր հեղափոխություն է՞ սա: Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս:
-Որպեսզի գնահատենք, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում, դրսից կառավարվող գործընթաց է, թե ոչ, պետք է ուսումնասիրենք գունավոր հեղափոխություններով անցած երկրների գործընթացները, թե ի՞նչ տեխնոլոգիաներ են աշխատել, ի՞նչ քայլեր են արվել, ո՞ր քայլին ի՞նչ է հետևել, և արդյունքում ի՞նչ է ստացվել: Իսկ գնահատման համար մենք ունենք բավականին շատ տեղեկատվություն, սկսած Հարավսլավիայի դեպքերից, մինչև Լիբիա, Եգիպտոս, Սիրիա և այլն:
Սովորաբար, գունավոր հեղափոխությունների իրականացման համար, նախ, ամեն ինչ արվում է, որպեսզի իշխանությունների վարվող քաղաքականությունից, սոցիալական վիճակից, անարդարությունից, պաշտոնյաների կոռումպացվածությունից դժգոհ զանգվածը դուրս գա փողոց: Չնայած դժվարանում եմ ասել, աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ իշխանությունները այս կամ այն չափով չունենան, մեղմ ասած, բացթողումներ, ցանկացած երկրում՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, այդ դժգոհությունը կա:
Մյուս խնդիրն այն է, թե ինչպե՞ս փողոց հանել դժգոհ զանգվածներին: Դրա համար դեռևս տասնամյակներ առաջ Ջին Շարպը գրել է մի մեթոդական գրքույկ, այն պարունակում է 198 մեթոդ, որոնք իբրև թե բռնատիրությունից ժողովրդավարության անցման մեթոդներ են: Ընդ որում, այն երկրներում որտեղ տեղի են ունեցել գունավոր հեղափոխություններ, դրանք սովորաբար գնահատվել են որպես բռնատիրական ռեժիմներ: Ի դեպ, վերջերս «Ֆրիդոմ Հաուս» միջազգային կազմակերպությունը հանդես եկավ զեկույցով, որտեղ արձանագրեց, թե «Հայաստանը փորձում է քողարկել ավտորիտարիզմը» ու հաջորդ օրն իսկ Հայաստանում սկսվեցին այս ցույցերը:
-Կապ ե՞ք տեսնում «Ֆրիդոմ Հաուս»-ի հրապարակած այս զեկույցի ու բողոքի ակցիաների մեջ:
-Ես, պարզապես, փաստն եմ արձանագրում, իսկ հետևությունը թողնում եմ ընթերցողին: Շարունակեմ ներկայացնել մյուս փաստերը ևս: Այսպես, Երևանի փողոցային ակցիաներում ակնհայտորեն իրականացվում են Ջին Շարպի՝ գունավոր հեղափոխությունների մեթոդական գրքույկի շուրջ 40 քայլեր, ի դեպ, այդ մեթոդներն առկա են նաև զլմ-ների մեկնաբանություններում: Այսինքն, գրքույկն աշխատում է:
Մյուս փաստը. նրանք, ովքեր իրականցնում են գունավոր հեղափոխություն, պետք է գոնե նվազագույնը տիրապետեն բոլոր տեխնոլոգիաներին, քայլերին, իսկ դրա համար պետք է անցած լինեն վերապատրաստումներ, թրենինգներ: Այդ նպատակով բազմաթիվ երիտասարդներ Հայաստանից հիմնականում մեկնում են Վրաստան, Մերձբալթյան հանրապետություններ, ԵՄ երկրներ: Եթե հետևեք, կտեսնեք, որ ցույցերի կազմակերպիչների մեջ, նրանց կողքին կանգնած ու համացանցում առավել ակտիվ անձանց մի մասն անցել են այդ թրենինգները:
Հաջորդը փողոցի ֆինանսավորումն է: Խնդրում եմ ուշադիր նայեք առաջնորդող խմբի ղեկավար կազմի մեջ ընդգրկված անձանց , որոնք ներկայացնում են նաև քաղաքական կուսակցություն, նրանք տարբեր ժամանակներում միջազգային հիմնադրամներից ստացել են բավականին մեծ ֆինանսական աջակցություն: Ճիշտ է, այնտեղ չի նշվում, որ այդ գումարները տրվել են գունավոր հեղափոխություն իրականացնելու համար, քանի որ ֆինանսավորող հիմնադրամները նման բան չեն նշում, այլ միայն գրում են բարի նպատակների մասին: Հարթակում ելույթ ունեցողներն այս տարիներին միջազգային հիմնադրամներից ստացել են հարյուր հազարավոր դոլարներ, մասնավորաբար, ՙՙԲաց հասարակության հիմնադրամներից՚՚ կամ Սորոսի ֆոնդից: Իսկ գունավոր հեղափոխությունների հիմնական ֆինանսավորողը հենց այս հիմնադրամն է: Եվ այս ամենը համադրելով, համոզվում ենք, որ ցույցերի ղեկավարների, մասնակիցների շարքերում կա բավականին ակտիվ զանգված, որն ամբողջությամբ համապատասխանում է նշածս չափորոշիչներին:
Ես թվեցի այն փաստերը, որոնք պարզորոշ երևում են, մինչդեռ, կան չերևացողները, որոնք շատ ավելի կարևոր են ու այդ մասին գրեթե չի խոսվում, սակայն ես հիմա ուզում եմ բարձրաձայնել, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա գնահատելու վտանգների, սպառնալիքների չափն ու հանգելու սեփական եզրակացության: Եվ ուրեմն, գունավոր հեղափոխության կամ պետական հեղաշրջման իրականացման պարտադիր պայման է այն, որ դրան մասնակցի տվյալ երկրի քաղաքական, օլիգարխիկ վերնախավը, որն ունի լիազորություններ և անհրաժեշտության դեպքում, չկատարելով իր գործառույթները, կարող է կաթվածահար անել պետական համակարգի աշխատանքը կամ գոնե առնվազան խորչընդոտել պետական ինստիտուտների աշխատանքը: Այսօր մի՞թե մենք սրա ականատեսը չենք: Իհարկե, դեռ չի երևում, թե ովքե՞ր են պետական վերնախավում այդ մարդիկ, բայց նրանք կան:
Ինչպես ասացի, գունավոր հեղափոխության համար փողոցում պետք է լինի կրիտիկական զանգված, ու հիմա գնում է նրա հավաքման գործընթացը: Հնչող ելույթներում ոչ մի էական խոսք չեք լսի, բացի վարչապետի հասցեին դժգոհություն արտահայտող կարգախոսներից: Այսինքն, գնում է մարդկանց մանիպուլացնելու, հավաքելու և կենտրոն ստեղծելու գործընթաց:
– ԱՄՆ Պետդեպը, ԵՄ-ն արձագանքեցին հայաստանյան բողոքի ցույցրերին, նշելով պետական մարմինների պարտավորությունների, ոստիկանության պատասխանատու վարքի մասին, սական ՙՙմոռացան՚ ու շրջանցեցին ցույցի կազմակերպիչների պատասխանատվության մասին ևս խոսել: Ինչի՞ մասին է փաստում այս կողմնակալ մոտեցումը:
-Լիովին համաձայն եմ ձեր գնահատականի հետ, հիշեցնեմ նաև նրանց հայտարարության հետևյալ միտքը, թե հետևում են Երևանում ու մյուս քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերին: Փաստորեն, այն, ինչ կատարվում է մեզ մոտ ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ-ի ու ԵՄ վերահսկողության տիրույթում, այսինքն, սա մահակ է ՀՀ իշխանության գլխին, որպեսզի վերջինս իրավունք չունենա միջամտելու այն ամենին, ինչ կատարվում է իր երկրում: ԱՄՆ Պետդեպը նաև չի անդրադառնում երթերի ընթացքում ցուցարարների կողմից թույլ տրվող օրենքի բացահայտ խախտումներին: Եվ ԱՄՆ-նն աշխարհում ներկայանում է որպես իրավունքի պաշտպան երկի՞ր: Փաստորեն, ԱՄՆ Պետդեպն արձանագրում է այն, ինչն իր շահերից է բխում:
Ի դեպ, մի կարևոր հանգամանք ևս. արտաքին ուժերը կարող են բազում լծակներով ներազդել մեր իշխանական վերնախավի տարբեր ներկայացուցիչների վրա՝ նախարարների, փոխնախարարների, վարչության պետերի և այլն: Այդ լծակները նրանց զավակներն են, ընտանիքներն են, որոնք գտնվում է ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում, կամ կրթություն են ստացել Արևմուտքի բուհ-ում, որտեղ ձևավորվել է նրանց աշխարհաճանաչողությունը: Բացի այդ, իշխանական վերնախավում կան մարդիկ, որոնք ունեն ոչ օրինական ճանապարհներով ձեռք բերված գումարներ, դրանք հիմնականում պահվում են լոնդոնյան ու վաշինգտոնյան բանկերում: Էլ չեմ ասում օլիգարխների մասին, որոնց ակտիվներն ամբողջությամբ գտնվում են Արևմուտքում: Իսկ սրանք լուրջ լծակներ են, որոնք գունավոր հեղափոխությունների սցենարիստները նախօրոք հաշվել են, որպեսզի հեղափոխական իրավիճակներում կարողանան նրանց դիմադրությունը զգալիորեն նվազեցնել:
-Ո՞րն է Արևմուտքի նպատակը, ինչո՞ւ են արևմտյան ուժային կենտրոններն ուզում, որպեսզի Հայաստանում իրականանա իրենց «գունավոր» սցենարը:
–Այն, որ գունավոր հեղափոխություններն իրականացվում են ԱՄՆ և ԵՄ երկրների կողմից, այնքան ակնհայտ է, որքան արևի ծագելն ու մայր մտնելը: Հիշեք, թե ուկրաինական դեպքերի ժամանակ այդ երկրի նախագահի հետ ովքե՞ր էին բանակցում սեղանի շուրջ՝ ԵՄ մի շարք երկրների ու կառույցների ղեկավարներ, ԱՄՆ սենատորներ: Գունավոր հեղափոխությունները նրանց ձեռքում գործիք են իշխանափոխության համար:
Իսկ ինչո՞ւ է դա արվում մեզ մոտ: Նպատակը շատ պարզ է: ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին ու դրանով իսկ նրա դաշնակիցներին: Այսօր անհնար է ՌԴ-ում գունավոր հեղափոխություն անելը, փոխարենը, ահաբեկչական խմբերի ներկայությունն է ակտիվացվում այդ երկրի տարածքում, որպեսզի լինեն պայթյուններ ու մարդկանց մեջ վախի մթնոլորտ առաջանա: Միաժամանակ գործընթացներ են ծավալվում Ռուսաստանի դաշնակից երկրների տարածքներում: Եվ այն, ինչ կատարվում է Հայաստանում պետք է դիտարկել ասածիս տրամաբանության մեջ: Գործընթացը Հայաստանում տրամաբանորեն գնում է պետական հեղաշրջման, եթե, իհարկե, չկանխվի:
Իսկ իշխանափոխության արդյունքում Հայաստանում իշխանության կգան ղեկավարներ, որոնք դեմ են Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությանը: Տեսեք, թե ովքե՞ր են հիմա ղեկավարում ցույցերը, մարդիկ, որոնք բացահայտորեն թշնամանքով են խոսել և խոսում հայ-ռուսական ռազմավարական համագործակցության մասին, թշնամի են համարում ռուս զինվորին, դժգոհ են, որ ՀՀ-ում է տեղակայված ՌԴ 102 ռազմաբազան: Գունավոր հեղաշրջման սցենարի քաղտեխնոլոգները նրանց են վստահել բարձրախոսերը, քանի որ նրանք հակառուսականության, հակաեվրասիականության կողմնակիցներ են:
-Այսինքն, Նիկոլ Փաշինյանն արտաքին ուժային կենտրոնների խամաճի՞կն է:
-Միգուցե, Փաշինյանն անկեղծ է և ուզում է իրավիճակ փոխել երկրում, իսկ այն, որ մեզանում կան շատ չլուծված խնդիրներ՝ կոռուպցիա, անարդարություն, հովանավորչություն և այլն, ակնհայտ է: Միգուցե ցույցերի ղեկավարները չգիտեն, որ իրենք հայտնվել են աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում, գուցե իրենք անկեղծ մղումներո՞վ են դա անում, ես չեմ ուզում գնահատել տվյալ անձի մղումները: Բայց նաև չեմ կարող չասել, եթե շարժումը հիմա դեռ չի ուղղորդվում դրսից, ապա վաղը չի կարող չուղղորդվել, քանի որ փաստերը հենց այդ մասին են խոսում:
Ցույցերի կազմակերպիչները, եթե անկեղծ են իրենց ցանկություններում, պետք է հաշվի առնեն, որ կարող է նաև այսպիսի սցենար տեղի ունենալ. Արևմուտքը հենց որոշեց անցնել գունավոր հեղափոխության հաջորդ փուլին՝ արյունով իշխանափոխություն իրականացնելուն, ապա իրենք պետք է մտածեն, ինչպե՞ս կանխարգելեն այդ վտանգը, ի՞նչ անեն, որպեսզի չդառնան Արևմուտքի ձեռքին գործիք ու կործանման չտանեն Հայաստանը:
-Ինչպե՞ս կարձագանքեք ցուցարարներին ուղղված Փաշինյանի կոչերին. մուտք գործեք պետական գերատեսչություններ ու պաշտոնյաների սենյակներում նստացույց արեք, կազմալուծեք նրանց աշխատանքը, բացեք պետական կառույցների դռները՝ նաև կոտրելով, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դադարեցնի գերատեսչական շենքերի պաշտպանությունը և այլն: Ո՞ւր է տանում նա իր շուրջը հավաքված մարդկանց:
-Նման կոչերի նպատակը քաղաքացիական անհնազանդության օջախների ստեղծումն է, որպեսզի իշխանությունը չունենա լծակներ փողոց դուրս եկած ժողովրդին զսպելու: Նա նաև մի կարևորը միտք ասաց, պետք է ստեղծվեն կոմիտեներ: Սրանք էլ իրենց վրա պետք է վերցնեն իշխանության որոշակի գործառույթներ: Գործընթացները գնում են երկրում երկիշխանության ստեղծման, այդ նպատակով փորձում են ստեղծել այլընտրանքային մարմիններ, որոնք առայժմ կուտակելու են մարդկային ներուժ, որպեսզի հետո նրանց ճնշմամբ իշխանական գործառույթներ վերցնեն իրենց ձեռքը:
Ինչո՞վ կավարտվի այս ամենը. ցույցերի ղեկավարները պարտավոր են մտածել այդ մասին՝ չմոռանալով, որ այսօր հայ ժողովրդի համար առաջնայինը ֆիզիկական անվտանգության խնդիրն է: Հայաստանում իշխանափոխություն է իրականացվում, որպեսզի դրա արդյունքում Ռուսաստանը դուրս մղվի այս տարածաշրջանից, այստեղ բացառվի Ռուսաստանի ազդեցությունը, նրա ռազմական ներկայությունը, ինչը Արևմուտքի ծրագրերի մեջ է մտնում: Իսկ դրանից հետո Հայաստանը հեշտությամբ կներքաշվի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, այդ լայնամասշտաբ պատերազմի մեջ կներաքաշվի և Ռուսաստանը, և Իրանը, և Թուրքիան, և ՆԱՏՕ-ի անդամ երկրները:
Այսինքն, Ռուսաստանի հարավային ուղղությամբ պատրաստվում են մեծ հրդեհ բորբոքել, հարվածային մեծ ալիք բարձրացնել՝ հայ-ադրբեջանական պատերազմի տեսքով:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
աղբյուր