Պատերազմ սկսելու հարցն Ադրբեջանում չի որոշվում
Երեկ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի տարածքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ: Նշենք, վերջին շրջանում ադրբեջանական կողմի նման գործողությունները շարունակական բնույթ են կրում: Բացի նախիջևանյան հատվածում հրադադարի խախտման փաստից, ապրիլի 8-ին կրկին կրակահերթ էին բացել Բաղանիս համայնքի ուղղությամբ՝ սպանելով անասունների:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտումներն ավել կամ պակաս ինտենսիվությամբ 1994 թվականից առ այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվում են:
«Արցախի հիմնախնդիրը ևս ուղղակիորեն կապված է աշխարհաքաղաքական հարթության մեջ տեղի ունեցող լրջագույն տեկտոնիկ փոփոխությունների հետ: Խոսքը վերաբերում է Սիրիայում ՌԴ-ի և իր դաշնակիցների հակամարտությանը ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների հետ: Արցախի հակամարտությունը ևս լուծվելու է այն ժամանակ, երբ ՌԴ-ի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ պետությունների կողմից երկրորդ բևեռի ստեղծման հայտն իրականություն դառնա: Այսինքն՝ երբ վերջ է դրվում ԱՄՆ-ի կողմից միաբևեռ աշխարհի կառավարմանը, ինչն իրականություն կդառնա երկրորդ բևեռի ստեղծումով»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ հիմա այդ գործընթացներն են տեղի ունենում, ինչը որոշ առումներով ցավոտ դրսևորումներ է ունենում:
«Արցախի և նման այլ հակամարտությունները կձգվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհաքաղաքական նոր իրողություններ չեն ամրագրվել: Իսկ հիմա ամրագրման վերջին փուլն է: Երկրորդ բևեռի քաղաքական ու տնտեսական կայացումը շուտով փաստ է դառնալու: Այս տարածաշրջանում կայունության ապահովման համար երկու բևեռները ջանք են գործադրելու, որ որևիցե այլ պետություն, իր ազգային ու պետական շահերի համար չկարողանա Ադրբեջանին դրդել ռազմական գործողությունների: Խոսքը Թուրքիայի մասին է»,-նշեց Հ. Նահապետյանը:
«Եթե Ադրբեջանի նախագահը ընտրությունների նախաշեմին զգար, որ թեկնածուների թվում լուրջ մրցակից ունի, չունի միջազգային հանրության կամ գերտերության օժանդակությունն ու աջակցությունը, չեմ բացառում, որ որոշակի ռազմական գործողություններ սկսեր: Ցույց կտար ժողովրդին, որ պատրաստակամ է «հետ բերելու կորցրած տարածքները», որ զինված ուժերի արդիականացման վրա ծախսված վերջին տարիներին մոտ 20 մլրդ դոլարին հասնող գումարը աննպատակ չի եղել: Հիմա չկա այդպիսի խնդիր: Հաշվի առնելով այն ազդեցությունը, որն ունի Ալիևը, նա ի սկզբանե գիտեր, որ ընտրվելու է: Նա ուներ նաև որոշ արևմտյան տերությունների, բրիտանական «British Petroleum» նավթային կոնցեռի համաձայնությունը: Կարելի է ասել, որ Ալիևն արևմտյան ուժային կենտրոնների կողմից վերանշանակվեց»:
Աննա Բադալյան
աղբյուր