Խաղաղություն ամերիկյան ձևով կամ պատրաստվենք պատերազմին
2017 թ․-ի հունիսի 12-ին Հայաստանում գտնվող Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը մամուլի ասուլիսի ժամանակ մասնավորապես հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները մտահոգված են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի աճով:
Պարոն Ապատուրայի «մտահոգությունը» երեսպաշտություն է, քանզի միայն ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ և առաջնորդ՝ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կազմում է աշխարհի բոլոր երկրների ռազմական բյուջեների ընդհանուր թվի 36%-ը (Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի զեկույցը)։
Այս առումով, իրականում մտահոգիչ է ԱՄՆ-ի կեցվածքը։
Հաջորդ մտքի «գոհարը», որն արտահայտեց Ապատուրայը, ուղղված էր Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կրկին անգամ բարձրաձայնելով, որ ՆԱՏՕ-ն սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Որպեսզի գնահատենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի անկեղծությունը, փաստենք, թե ինչպիսին է եղել վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ՆԱՏՕ-ի ջանքերը։
1999 թ․-ի մարտի 24-ին առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թույլտվության, ՆԱՏՕ-ի զինված ուժերը իրականացրեցին ռազմական ագրեսիա Հարավսլավիայի դեմ, որին մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ 13 երկիր։ Ռազմական գործողությունների 75%-ը բաժին հասավ ԱՄՆ-ին։
ՆԱՏՕ-ի ռազմական ագրեսիայի հետևանքով ըստ պաշտոնական տվյալների, զոհվեցին 1700 խաղաղ բնակիչ, որոնցից 400-ը երեխաներ էին։ Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգները Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական օպերացիային իրենց մասնակցությանը տվել էին «Ողորմաց հրեշտակ» ցինիկ անվանումը։
Պատերազմի ավարտից հետո Հարավսլավիայի գործով ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանը իր հաշվետվության մեջ նշեց, որ կան ապացույցներ այն մասին, որ ՆԱՏՕ-ն Հարավսլավիայում կիրառել է աղքատացված ուրան պարունակող զինատեսակներ։
Իսկ ահա 2000 թ․-ին ՆԱՏՕ-ն իր պաշտոնական կայքում հրապարակեց, որ Բալկանների պատերազմում օգտագործել է 10 տոննա աղքատացված ուրան:
Տեսանյութ Հարավսլավիայի ռմբակոծությունների մասին
2001 թ․-ի դեկտեմբերին սկսվում է ԱՄՆ և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ռազմական օպերացիան Աֆղանստանում, որը տևում է մինչև 2014 թ․։
Համաձայն Physicians For Social Responsibility հեղինակավոր միջազգային կազմակերպության տվյալների, աֆղանական պատերազմի ընթացքում սպանվում է 220 հազար մարդ։
ՄԱԿ-ի պաշտոնական հետազոտության համաձայն 2001 թ․-ին Աֆղանստանում օպիումի պատրաստման համար օգտագործվող տարածքը կազմում էր 8 հազար հեկտար։ Աֆղանստան ՆԱՏՕ-ի ներխուժումից հետո 2010 թ․-ին այդ տարածքը մեծացավ մոտ 15 անգամ, հասնելով 123 հազար հեկտարի։
2003 թ․-ին ԱՄՆ-ն և իր դաշնակիցները ռազմական օպերացիա իրականացրեցին Իրաքի դեմ պատճառաբանելով, որ Իրաքում զանգվածային ոչնչացման զենք է արտադրվում։
2003 թ․-ի փետրվարի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում որպես ապացույց ներկայացրեց ինչ-որ սրվակի մեջ գտնվող փոշի, որպես նմուշ Իրաքում արտադրվող զանգվածային ոչնչացման զենքի։
Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրաքում գտնվեցին 2003 թ․-ից մինչև 2011 թ․-ի դեկտեմբերը։ Այդ ընթացքում Իրաքը բռնկվեց քաղաքացիական պատերազմով, երկիրը վերածվեց ահաբեկիչների որջի, ոչնչացվեց երկրի տնտեսությունը, ավերվեցին հազարավոր գյուղեր և քաղաքներ։
Համաձայն Physicians For Social Responsibility հեղինակավոր միջազգային կազմակերպության տվյալների իրաքյան պատերազմի ողջ ընթացքում զոհվել է մոտ մեկ միլիոն մարդ։
Եվ սակայն այդ ընթացքում զանգվածային ոչնչացման զենք Իրաքում այդպես էլ չգտնվեց։
Տեսանյութ Իրաքի պատերազմի մասին
2011 թ․-ի մարտի 17-ին ՆԱՏՕ-ի զինված ուժերը իրականացնում են ռազմական գործողություններ Լիբիայի դեմ, նրա առաջնորդ Մուհամադ Քադդաֆիին իշխանությունից հեռացնելու նպատակով։
2011թ․-ի հոկտեմբերին Մուհամադ Քադդաֆին հայտնվում է ահաբեկչական խմբավորումների գերության մեջ և սպանվում է։
Անվտանգության հարցերով ամերիկյան Soufan Group խորհրդատվական ընկերության գնահատականներով, Մուհամադ Քադդաֆիի իշխանության տապալումից և Լիբիայի պետական ինստիտուտների վերացումից հետո, Լիբիան դարձել է ահաբեկչական խմբավորումների որջ։
Տեսանյութ Լիբիայի պատերազմի մասին
2011 թ․-ի գարնանը Սիրիայում սկսվում է ռազմական հակամարտություն Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հզբոլահ և այլն) և իրենց Սիրիայի ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի սիրիական խմբավորումների, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ–ի ու Եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների (Ալ Նուսրա, Իսլամական պետություն և այլն) միջև։
Պատերազմի հետևանքով ահաբեկչական խմբավորումները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անմիջական օժանդակությամբ գրավում են Սիրիայի տարածքի զգալի մասը, իսկ տեղի բնակչությունը ենթարկվում է բնաջնջման, թալանվում է երկրի բնական ռեսուրսները՝ նավթը, ապամոնտաժվում և Թուրքիա են տեղափոխվում հարյուրավոր գործարաններ։
2014 թ․-ի մարտի 14-ին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ ահաբեկչական խմբավորումները սկսում են հարձակումը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա։
Տեսանյութ Սիրիայի պատերազմի մասին
Այսպիով փաստենք, որ վերջին 20 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն ռազմական ագրեսիա է իրականացրել մի շարք ինքնիշխան պետությունների նկատմամբ, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են բնակավայրեր, ոչնչացվել երկրների տնտեսություններ, իսկ այդ երկրները վերածվել են ահաբեկչական խմբավորումների բանակատեղի։
Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երևան կատարած այցի ժամանակ հարցազրուց տվեց 1in.am կայքին, որի ժամանակ արտահայտեց հետևյալ միտքը․ «Դաշնակիցները, ինչպես և բոլորը տեսնում են, որ բռնության մակարդակը Ղարաբաղյան հակամարտության գոտում աճել է, և ապրիլյան իրադարձություններն իսկապես անակնկալ էին մեզ համար»։
Որպեսզի գնահատենք, թե արդյոք ՆԱՏՕ-ի համար անակնկալ էր 2016 թ․-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ռազմական գործողությունները, վերհիշենք ռազմական գործողություններին նախորդած իրադարձությունները։
Այսպես. 2016 թ․-ի մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը Իլհամ Ալիևը գտնվում էր Վաշինգտոնում, որտեղ նա հանդիպումներ էր ունենում Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Աղբյուր` ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայք
30 մարտ 2016 թ․
http://www.state.gov/r/pa/prs/ps/2016/03/255351.htm
ԱՄՆ-ի Պետքարտուղար Ջոն Քերին հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Քանի որ, ինչ-ինչ պատճառներով ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը իր կայքից ջնջել է տվյալ տեղեկատվությունը, ապա նյութը տեղադրում ենք լուսանկարի միջոցով
Աղբյուր` Ադրբեջանի Նախագահի պաշտոնական կայք
31 մարտ 2016 թ․
http://ru.president.az/articles/18246
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ընդգծում է, որ ԱՄՆ–ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, և որ դա մեծ նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար:
Ալիևը նշում է Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահ Բարակ Օբամայի դիրքորոշման կարևորությունը, գոյություն ունեցող ստատուս–քվոյի անընդունելի լինելու վերաբերյալ:
Քանի որ Ադրբեջանի Նախագահի կայքը Հայաստանից անհասանելի է, տեղադրում ենք Բայդեն-Ալիև հանդիպման մասին նյութը նկարի և տեսանյութի տեսքով
Բայդեն-Ալիև հանդիպման մասին տեսանյութը
Այսինքն, եթե ԱՄՆ նախկին Նախագահի համար անընդունելի էր ստատուս-քվոյի պահպանումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման տվյալ փուլում, ապա այդ ստատուս-քվոյի փոփոխության միակ ճանապարհը՝ պատերազմի վերսկսումն էր:
Փաստորեն, 2016 թ. մարտի 31-ին Ադրբեջանի Նախագահին Վաշինգտոնում կանաչ լույս տրվեց վերսկսելու ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Հայաստանի Հանրապետության ներքաշման մեծ հավանականությամբ, որին ամենայն հավանականությամբ կհետևեր այլ պետությունների կողմից ևս ռազմական գործողություններին ներգրավումը։
Հիշեցնենք նաև, որ 2016 թ․-ի ապրիլյան ռազմական գործողություններից առաջ, մարտ ամսին, ինտենսիվ բանակցություններ են ընթացել ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, իսկ 2016 թ․-ի մարտի 23-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պաշտպանության նախարարության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները։
Եվ ահա 2017 թ․-ի հունիսի 16-17-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանքով զոհվում են Արցախի Պաշտպանության բանակի 4 զինծառայող, վիրավորվում՝ 3-ը։
Ինչպես 2016 թ․-ի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողություններից առաջ, այս անգամ ևս պարզվում է, որ 2017 թ․-ի մայիսի վերջից սկսած կրկին ինտենսիվ զորավարժություններ են տեղի ունեցել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուԱդրբեջանի զինված ուժերի միջև, ինչպես նաև ինտենսիվ բանակցություններ՝ ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի ղեկավար կազմի միջև։
Ներկայացնում ենք 2017 թ․-ի մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև զորավարժությունների և բանակցությունների ինտենսիվության մասին տեղեկատվությունը վերցված Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից։
Քանի որ Հայաստանից Ադրբեջանի ՊՆ կայքը հասանելի չէ, ապա ներկայացնում ենք
էջերի լուսանկարված տարբերակները
Փաստորեն առնվազն արդեն երկրորդ անգամն է, երբ ՆԱՏՕ-Ադրբեջան ինտենսիվ բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ իրականացվում է ռազմական ագրեսիա։
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն