ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նպատակներն ու խնդիրները, կենտրոնի տարածվածության աշխարհագրությունը հետխորհրդային տարածքում
2016թ. ապրիլի 6-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիայի բացմանը: ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) ներկայացուցիչ Լանս Բրուքսը նույնպես մասնակցեց բացման արարողությանը։
Բացված լաբորատորիան գտնվում է Իջևանում և վերանորոգվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող «Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի» (ԿՈՆՀԾ) շրջանակներում:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ընդգծել է, որ ծրագիրը Հայաստանի կառավարության Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է։
2016թ. հուլիսի 13-ին Երևանի Ավան վարչական շրջանում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության աջակցությամբ ևս մեկ ռեֆերենս-լաբորատորիա բացվեց, որին ներկա էր նաև վերոհիշյալ գործակալության համատեղ սպառնալիքների ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը։
Դոկտոր էլիզաբեթ Ջորջի խոսքերով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս-լաբորատորիայի հիմնովին կառուցման համար ԱՄՆ կառավարությունը ներդրել է 4,1 մլն դոլար, իսկ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս-լաբորատորիայի վերանորոգման համար ԱՄՆ կառավարությունը տրամադրել է 9,8 մլն դոլար։ Լրացուցիչ 1,7 մլն դոլար տրամադրվել է կահույք և նոր սարքավորումներ գնելու համար։
Մեկ օր հետո, 2016թ․ հուլիսի 14-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ առողջապահության նախարարի, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության տնօրեն Էլիզաբեթ Ջորջի, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիայի բացման արարողությունը։
Գյումրիում ստեղծված լաբորատորիայի վերանորոգման համար ԱՄՆ կառավարությունը ներդրել է 2,7 մլն դոլար և մոտ 340 հազար դոլար ներդրվել է սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար։
2017թ.-ին ավարտին կհասցվի ևս երեք կառույցների կառուցումը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
ԱՄՆ պաշտպանության նախարարութան «Սպառնալիքների նվազեցման գործակալությունը» պատասխանատու է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման սպառնալիքին դիմակայելու համար, այդ թվում նաև պատշպանողական միջոցների ստեղծում ԱՄՆ-ի և իր դաշնակիցների նկատմամբ այդ զենքի կիրառման դեպքում։
Նշված գործակալությունը ստեղծվել է 1998 թ․-ի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ ՊՆ վերակազմավորման և նախկինում գործող Հատուկ զինատեսակների գործակալության (Defense Special Weapons Agency), Տեղում ստուգումների գործակալության (On-Site Inspection Agency), Տեխնոլոգիական անվտանգության բաժնի (Defense Technology Security Administration), ինչպես նաև Սպառնալիքի համատեղ նվազեցման ծրագրի (Cooperative Threat Reduction․ Նաննա-Լուգարի ծրագիր) միավորման արդյունքում։
Սպառնալիքների նվազեցման գործակալությունը իրականացնում է իր աշխատանքները չորս հիմնական ուղղություններով․
- Հատուկ տեխնոլոգիաների մշակում, ուղղված ռազմական հակամարտություններում զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման վաղաժամ հայտնաբերմանը և նրա ազդեցության նվազեցումը ԱՄՆ զինված ուժերի վրա, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի բաղադրիչ մասերի անօրինական տեղափոխման հայտնաբերումը և կանխարգելումը։
- ԱՄՆ ատոմային զինանոցի անվտանգության ապահովմանն ուղղված աջակցություն, ներառյալ դրանց խոցելիության գնահատումը հնարավոր ահաբեկչական սպառնալիքների դեպքում և անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործում։
- ԱՄՆ տարածքից դուրս զինատեսակների վերահսկման բնագավառում, երկկողմանի և միջազգային պայմանագրերի շրջանակներում ստուգումների իրականացում և ԱՄՆ կողմից իր պարտավորությունների կատարում սեփական տարածքում այդ ստուգումների իրականացման համար։
- Սպառնալիքի միասնական նվազեցման ծրագրի և Գլոբալ գործընկերության իրականացում ԱՄՆ պաշտպանության նախարարության մասնակցությամբ (Ռուսաստանի ռազմածովային ուժերի շարքերից դուրս հանված ատոմային սուզանավերի և ատոմային զենքի այլ կրիչների ոչնչացման ֆինանսավորում, Ռուսաստանում ատոմային զենքի պահպանման անվտանգության բարձրացում, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրներեի կենսաբանական նշանակության ձեռնարկությունների և գիտահետազոտական ինստիտուտների անվտանգության բարձրացում և այլն)։
Սպառնալիքների նվազեցման գործակալությունը իրավասու է նաև մասնակցել ԱՄՆ ՊՆ օպերացիաների մշակմանը զանգվածային ոչնչացման զենքի և նրա բաղադրիչ մասերի հնարավոր արտադրութան դեմ։ 2007 թ․-ին գործակալության անձնակազմը կազմված էր 1955 զինվորական և քաղաքացիական աշխատակիցներից, իսկ նրա բյուջեն կազմում էր 2,68 մլրդ դոլար։
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (Centers for Disease Control and Prevention, CDC) հանդիսանում են ԱՄՆ առողջապահության նախարարության գործակալություններ և ստեղծվել են 1946 թ․-ին։
1946 թ․-ին ԱՄՆ-ում հանրային առողջության դեպարտամենտին կից (U.S. Public Health Service) ստեղծվում է ստորաբաժանում, անվանվելով Համաճարակային հիվանդությունների վերահսկման կենտրոն (Communicable Disease Center): Կենտրոնը զբաղեցնում է գրասենյակային շենքի մեկ հարկը Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Այն ժամանակ Ջորջիան իրենից ներկայացնում էր ԱՄՆ-ում մալարիայի կենտրոն և նոր ստորաբաժանման խնդիրը երկրում այդ հիվանդության վերացումն էր։ Այն ժամանակ CDC-ն նման էր սովետական սանէպիդեմ կայաններին։ Բացի մալարիայից, կենտրոնը զբաղվում էր որովայնի տիֆի կանխարգելմամբ, որը մեծ վնաս էր հասցնում այն ժամանակվա ԱՄՆ ռազմական մեքենային։
1957 թ․-ին Հանրային առողջության դեպարտամենտի ստորաբաժանումը, որը զբաղվում էր վեներական հիվանդությունների վերահսկմամբ, ինտեգրվում է CDC-ի մեջ։ 1960 թ․-ին CDC-ին միանում է տուբերկուլյոզի վերահսկման կենտրոնը։
1963 թ․-ին CDC-ն ստեղծում է բնակչության պատվաստման ծրագիր, որը թույլ է տալիս ընդգրկել բնակչության ավելի լայն շերտեր ԱՄՆ-ում, այն ժամանակվա համաճարակային հիվանդությունների, այդ թվում նաև պոլիոմելիտի դեմ ։
1970 թ․-ին կազմակերպությունը վերանվանվում է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (Center for Disease Control), իսկ իր այսօրվա լրիվ անվանումը՝ CDC, ստանում է 1992 թ․-ի հոկտեմբերի 27-ին, երբ ԱՄՆ Կոնգրեսը կազմակերպության անվանումը համալրում է «կանխարգելում բառով»։
1994 թ․-ի մայիսին CDC-ն խոստովանում է իր ուղղակի մասնակցությունը կենսաբանական զենք ստեղծելու մեջ։ Այդ կազմակերպությունը, 1984-1989 թթ․, Իրաքում իրականացվող ռազմական օպերացիաների համար պատրաստում է կենսաբանական զենքի տեսակներ։ CDC-ն մինչ օրս պահպանում է իր լաբորատորիաներում «բնական ծաղիկ» վարակիչ հիվանդության հարուցիչները, որոնք ոչնչացվել էին ամբողջ աշխարհում դեռևս անցած դարի վերջում։
Ներկա պահին CDC-ի լիազորությունները զգալիորեն մեծացել են, ներառելով համաճարակային վարակները, քրոնիկ հիվանդությունները, հաշմանդամության հարցերը, շրջակա միջավայրի աղտոտվածության հետ կապված հիվանդությունները և նույնիսկ բիոահաբեկչության սպառնալիքները։
Իսկ ի՞նչ նպատակով են Հայաստանում կառուցվում ԱՄՆ պաշտպանության նախարարության օժանդակությամբ գործող ռազմական մանրէաբանական լաբորատորիաները։
Ռազմական ոլորտում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները չունեն վավերացված պայմանագիր, որով վերջինս իրավունք ունենա իր ռազմական նշանակության ստորաբաժանումները տեղակայել Հայաստանի Հանրապետության տարածքում։
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության աջակցությամբ մի շարք կենսաբանական լաբորատորիաներ կառուցվել են նաև ԽՍՀՄ նախկին մի շարք հանրապետությունների տարածքներում ևս։
Այսպես, ԱՄՆ կառավարության և Ուկրաինայի առողջապահության նախարարության միջև 2005թ․-ին կնքված համաձայնագրի արդյունքում Ուկրաինայում բացվել են լաբորատորիաներ չափազանց վտանգավոր վարակների ուսումնասիրության նպատակով։ Լաբորատորիաները բացվել են Ուկրաինայի Կիև, Օդեսա, Խերսոն, Տերնոպոլ, Ուժգորոդ, Վինիցա, Խարկով, Լուգանսկ, Դնեպրոպետրովսկ և Լվով քաղաքներում։ Լաբորատորիաների կեսից ավելին բացվել են Ուկրաինայի միլիոնանոց բնակչությամբ քաղաքներում (ընդհանուր առմամբ մոտ 10 մլն բնակչությամբ)։ Բոլոր լաբորատորիաների կառուցման աշխատանքները կատարվել են ամերիկյան «Black & Veatch Special Projects Corp.» (Բլեք ենդ Վիչ սփեշալ պռոջեկտ կոռպոռեյշըն) ինժեներական ընկերության կողմից։
Թբիլիսիի մոտ գտնվող Ալեքսեևկա ավանում գործում է ԱՄՆ Պենտագոնի Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիան, որի արժեքն է մոտ 300 մլն դոլար։ Բացի այդ, Վրաստանում գործում են Պենտագոնի վերահսկողության տակ գտնվող մի շարք կենսաբանական օբյեկտներ։ Այն հարցին, թե ինչո՞ւ է Վրաստանում բացվել նման լաբորատորիա, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը պատասխանել է, որ դա պայմանավորված է Վրաստանի աշխարհագրական դիրքով և ԱՄՆ վտանգների նվազեցման գործակալության նպատակներով։
2016թ․-ի սեպտեմբերին ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Ղազախստանում բացվում է լաբորատորիա, որտեղ հետազոտվում են մարդկանց և կենդանիների վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև պահվում են խիստ վտանգավոր պաթոգեններ։
2013թ․-ից Ադրբեջանում գործում է անվտանգության երրորդ աստիճան ունեցող լաբորատորիան, որը մասնագիտացված է մարդկային և կենդանական ծագման ախտածին միկրոօրգանիզմների ուսումնասիրության ուղղությամբ։ Լաբորատորիան կառուցվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության ֆինանսավորմամբ։
2008թ․-ին Մոլդովայում USAID-ի ֆինանսավորմամբ բացվել է կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիա՝ Քիշնևում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և հեպատիտ B,C կանխարգելման» ծրագրի շրջանակներում։
Տաջիկստանի Սուղդ, Խաթլոն շրջաններում, ինչպես նաև Դուշանբե քաղաքում, ԱՄՆ ռազմական գերատեսչության ֆինանսավորմամբ ստեղծված է մանրէաբանական լաբորատորիաների ցանց։
2007թ․-ից ազգային ռեֆերենս-լաբորատորիա է գործում Ուզբեկստանում, որը ֆինանսավորվել է USAID կողմից, իսկ 2011թ․-ին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը ֆինանսավորել է կենսաբանական անվտանգության երկրորդ աստիճան ունեցող երկու ախտորոշիչ լաբորատորիաների կառուցումը։
1972թ․-ին ընդունվեց և 1975թ․-ից ուժի մեջ մտավ կենսաբանական զենքի ստեղծման, արտադրության և կուտակման արգելքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը վավերացրին նաև Ամերիկայի Միացյալ Նահագները։
1994թ․-ին, հատուկ համաժողովի արդյունքում, կենսաբանական զենքի ստեղծման, արտադրության և կուտակման արգելքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ պարտավորեցնող միջազգային իրավական փաստաթուղթ ստեղծելու նպատակով։
Պետությունների առաջարկներով մշակվեց փաստաթղթի տեքստը, որի համաձայն կոնվենցիայի մասնակից պետությունների մանրէաբանական գործունեությունը պետք է ենթարկվեր ստուգման այդ պետությունների տարածքներում՝ անկախ գործող հատուկ մարմնի կողմից։
Սակայն 2001թ.-ին Միացյալ Նահագները ավարտական փուլում արգելափակեցին աշխատանքները և միակողմանիորեն դուրս եկան փաստաթղթի ստորագրման ուղղությամբ տարվող բանակցություններից։ 2001թ․-ից սկսած ԱՄՆ-ն արգելափակում է կենսաբանական զենքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակներում ցանկացած կառուցողական աշխատանք, որն ուղղված է կոնվենցիայի դրույթները գործնական դաշտ բերելուն։
Մեր կարծիքով, ԱՄՆ ռազմական գերատեսչության ֆինանսավորմամբ եվրասիական տարածքում մանրէաբանական լաբորատորիաների կառուցումը վկայում է այն մասին որ Միացյալ Նահագները չեն հրաժարվել կենսաբանական զենքի արտադրության ծրագրերից և որպես թիրախ ընտրել են նաև եվրասիական տարածքը և, հատկապես, ՀԱՊԿ անդամ երկրները։
Հայկ Այվազյան
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար