Երեխաներին ընտանիքներից օտարելու իրավական գործընթացը մտել է եզրափակիչ փուլ
Հարցազրույց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ։
-Մեզ պարտադրվող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքով ամրագրվում է Հայաստանում իբր թե երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, ինչը, սակայն, բոլորովին այլ նպատակներ է հետապնդում:
-Այո, ցավոք, Եվրամիությունը տարատեսակ լծակների կիրառմամբ փորձում է Հայաստանին ընդունել տալ մի օրենք, որով սկիզբ կդրվի այլասերվածության, բարոյալքության օրինականացմանը:
Նախ հիշեցնեմ` դեռ 2015թ. դեկտեմբերի 11-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ֆինանսավորման համաձայնագիրը, որը պարտավորեցնում է Ազգային ժողովին 2016թ. վերջին ընդունել «Խտրականության դեմ» եւ «Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ» օրենքները:
Դրանց ընդունման դեպքում Եվրամիությունը Հայաստանին 12 մլն եվրո կփոխանցի, հակառակ դեպքում կզրկի այդ գումարից: Ամեն դեպքում համաձայնագիրը ստորագրելով` Հայաստանն արդեն իսկ պարտավորվել է օրենքներն ընդունել:
Մինչդեռ ոստիկանությունից մեր հայթայթած տեղեկություններով պարզեցինք, որ 2014թ. Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության ընդամենը 678 դեպք, որը կազմում է Հայաստանի բնակչության ընդհանուր թվի 0,021 տոկոսը: Դրանցից միայն որոշակի մասն է կիրառվել երեխաների նկատմամբ: Մինչդեռ Մեծ Բրիտանիայում, որը, ի դեպ, շահագրգռված է Հայաստանում այս օրենքի ընդունմամբ, ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014-15թթ. գրանցվել է ընտանեկան բռնության 943 628 դեպք, որ կազմում է այդ երկրի բնակչության ընդհանուր թվի 1,47 տոկոսը, ինչը 70 անգամ ավելի է, քան Հայաստանում:
-Փաստորեն երեխաների իրավունքներին անդրադառնալով` այդ փաստաթուղթը մեզանում ճանապարհ է հարթելու այսպես կոչված յուվենալ օրենքների համար, որոնցում առկա սպառալիքները հաշվի առնելով` արդեն քանի տարի է փորձում ենք կասեցնել դրանց մուտքը Հայաստան:
-«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքն արդեն նման սպառնալիքներ է պարունակում, եւ եթե այն ընդունվեց, դրան անմիջապես կհաջորդեն մի շարք այլ որոշումների եւ իրավական փաստաթղթերի ընդունման գործընթացները, որոնք ավելի ու ավելի կդյուրացնեն երեխաներին իրենց ընտանիքներից օտարելը եւ ըստ էության նրանց առքուվաճառքը:
Երեխաների վաճառքը աշխարհում ամենաշահավետ բիզնեսներից է դարձել: Նրանց օրենքով գողանում են իրենց ընտանիքներից եւ վաճառում տարբեր նպատակներով` համասեռամոլներին որդեգրության տալու, մանկապղծության, օրգանները վաճառելու նպատակով: Այդ բիզնեսը հսկայական գումարներ է ապահովում, եւ հիմա փորձ է արվում դրա շրջանակներն ընդլայնել` նաեւ այլ պետություններում երեւույթը օրինականացնելու եւ ազատորեն ընձեռված հնարավորություններից օգտվելու համար:
-Տվյալ օրենքում ի՞նչ խոցելի հոդվածներ կամ դրույթներ կան, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել:
-Դրանում ընտանեկան բռնության երկու նոր տարբերակ է ներառված` հոգեբանական եւ տնտեսական, որոնք հրաշալի գործիք կդառնան ծնողներից իրենց զավակներին խլելու համար: Բռնության ֆիզիկական, սեռական տարբերակները նախատեսվում են Հայաստանի Քրեական օրենսգրքով եւ պատժելի արարքներ են համարվում` անկախ նրանից` դա ընտանիքո՞ւմ, թե՞ այլ սոցիալական միջավայրում է տեղի ունեցել:
Բացի դրանից, օրենքը նաեւ նշում է այն դեպքերը, երբ ծնողներին կարող են զրկել ծնողական իրավունքից: Դրանք երեխայի կյանքին կամ առողջությանը սպառնացող դեպքերն են: Սա եւս կարգավորվում է Քրեական օրենսգրքով:
Բայց որպեսզի առանձին օրենքի գոյությունն արդարացվի եւ ընտանիքների վրա վերահսկողություն սահմանվի, դրանք կազմաքանդելու ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծվեն, հորինվել են բռնության նոր տեսակները: Իսկ քանի որ հոգեբանական ու տնտեսական «բռնություն» ասվածը միմիայն սուբյեկտիվ ընկալում է, եւ սոցիալական աշխատողի քմահաճույքից ու ցանկությունից է կախված, թե նա ինչ կհասկանա դրանց անվան տակ, ուստի այս ձեւակերպումները լուրջ կամայականությունների պատճառ կարող են դառնալ:
Եթե ծնողը երեխայի շահերից ելնելով` նրան գումար չի տրամադրում կամ վերցնում է ձեռքի գումարը եւ արգելում, որ գնա խաղատուն, թմրանյութ գնի, կամ զրկում է համակարգչից, քանի որ այն խանգարում է դասերին, եւ կամ դրանով նա պոռնոգրաֆիկ կայքեր է դիտում, այսինքն՝ ծնողը զուտ երեխայի շահերից է գործում, օրենքը դա տնտեսական բռնություն է դիտարկում եւ երեխային իրավունք է տալիս զանգահարել ոստիկանություն կամ սոցիալական ծառայություն եւ բողոքել:
Տնտեսական բռնության մեջ են դասակարգվում նաեւ այն դեպքերը, երբ ծնողը հնարավորություն չի ունենում երեխային համապատասխան սնունդ, հագուստ ապահովել, նրան բնակարանում առանձին սենյակ հատկացնել, գումար տալ, որպեսզի երեխան կարողանա մասնակցել դպրոցում, մանկապարտեզում կազմակերպվող այս կամ այն միջոցառմանը եւ այլն:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ ընտանիքներ սոցիալապես անապահով են, հետեւաբար շատ ծնողներ չեն կարողանում լիարժեքորեն լուծել իրենց երեխայի կամ երեխաների սննդի, առողջական հարցերը, ապահովել բնակարանային պայմաններով, հնարավորություն ստեղծել դպրոցական վճարովի միջոցառումներին մասնակցելու եւ այլնի համար, հետեւաբար նրանք խախտում են սահմանադրության 36-րդ հոդվածի առաջին կետը` լիարժեք եւ ներդաշնակ զարգացում չեն ապահովում երեխայի համար:
Իսկ դա դիտարկվելու է որպես տնտեսական բռնություն եւ հիմք է դառնալու երեխային` «նրա լավագույն շահերից ելնելով», սեփական ընտանիքից զրկել, նախ տեղափոխել ապաստարան, իսկ հետո այլ խնամակալների հանձնել:
-Իսկ ընտանիքերին եւ դրանցում երեխաների կարգավիճակը ինչպե՞ս է վերահսկվելու, մի՞թե սոցիալական ծառայողն իրավունք է ունենալու ազատորեն մտնելու ամեն ընտանիք եւ ստուգելու, թե երեխան կամ երեխաներն ինչպիսի՞ պայմաններում են ապրում:
-Արդեն ընտանիքներ ներխուժելու եւ նրանց վերահսկելու մեխանիզմները ներդրվել են մեզանում: Անցած տարվանից սկսած ազգային վիճակագրական ծառայությունը Եվրամիության ֆինանսավորմամբ մտնում է ընտանիքներ եւ հարցաշարեր լրացնում` այդ թվում՝ 0-16 տարեկան երեխաների վերաբերյալ:
Այդպիսով նրանք տեղեկանում են, թե երեխան օրական քանի անգամ է թարմ միրգ, բանջարեղեն, մսեղեն ուտում, քանի անգամ է սնվում, բնակարանային ինչ պայմաններում է ապրում, արդյոք այդ ընտանիքում նշո՞ւմ են երեխայի ծննդյան տոնը, մասնակցո՞ւմ է նա դպրոցական վճարովի միջոցառումներին եւ այլն: Այս հացաշարից ելնելով՝ ցուցակագրվում են այն ընտանիքները, որոնք ռիսկային գոտում են, քանի որ չեն կարողանում լիարժեքորեն ապահովել իրենց երեխաների բարեկեցությունը:
Բնականաբար հետագայում հենց այս ընտանիքներն էլ կդառնան սոցիալական աշխատողների թիրախը, եւ նրանք կկարողանան ազատորեն վերահսկել նրանց, ինչպես օրենքն է պահանջում:
Հեղինակ՝ Թագուհի Ասլանյան
աղբյուրը