Միայն ժողովրդի դիմադրությամբ հնարավոր կլինի կանխել այլասերումների օրինականացումը Հայաստանում

Հարցազրույց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ։

   -Վերջերս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները եւ նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունները նորից սկսել են ակտիվություն ցուցաբերել՝ հավաքներ ու տարատեսակ միջոցառումներ կազմակերպելով եւ հերթական անգամ հասարակությանն իրենց գոյության մասին հիշեցնելով: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Այդ ակտիվությունն ինքնանպատակ չէ: Միասեռականները հերթական անգամ ցանկություն ունեն սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ ընդունել տալ կառավարությանը, ինչը իրենց հնարավորություն կտա ավելի լայն լիազորություններ ունենալ մեր հասարակության մեջ՝ ընդհուպ միասեռական ընտանիքներ ստեղծելը:
Մասնավորապես մայիսի 17-ին, որն ի դեպ տրանսֆոբիայի եւ հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը փակ քննարկում էր կազմակերպել «Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ՝ ԼԳԲՏ-ի անձանց իրավունքների պաշտպանության համար» թեմայով, որին ներկա էին միասեռականների իրավունքները պաշտպանող մյուս կազակերպությունները եւս։ Ինչպես նաեւ այդ համայնքին ու նրանց ոգեշնչող ՀԿ-ներին ֆինանսապես եւ բարոյապես աջակցող Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանները, Վրաստանում Նիդերլանդների դեսպանության նեկայացուցիչը:
Միջոցառման ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպանը չթաքցրեց, որ նպատակ ունեն Հայաստանում ԼԳԲՏ-ների համար նպաստավոր օրենսդրական դաշտ ստեղծել։ Իր խոսքով, դեսպանատների աջակցությամբ պետք է Հայաստանում համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծվի, որով կկանխվի խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Դա, ըստ նրա, Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է, եւ նրանք իրենց փորձառությունն այդ բնագավառում փոխանցում են այլոց, այդ թվում՝ Հայաստանին:
Ի դեպ, այդ ուղղությամբ Հայաստանում արդեն հստակ եւ ուղղորդված քայլեր են իրականացվում: Դեռ 2015թ. դեկտեմբերի 11-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ֆինանսավորման համաձայնագիրը, որը պարտավորեցնում է Ազգային ժողովին 2016թ. վերջին ընդունել «Խտրականության դեմ» եւ «Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ» օրենքները:
Համաձայնագրում նշվում է, որ այդ օրենքներն ընդունելու դեպքում Եվրամիությունը դրանք կյանքի կոչելու համար 12 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ 4 փուլով մինչեւ 2018թ.: Մայիսի 17-ի հավաքի ժամանակ նաեւ այս օրենքների նախաձեռնությունները, դրանք ընդունելու հնարավորություններն են քննարկվել: ԼԳԲՏ համայնքը մեծ հույսեր է կապում այդ նախագծերի ընդունման հետ, քանի որ դրանցում ներկայացված որոշ դրույթներ ուղղված են հենց այդ համայնքի ներկայացուցիչների իրավունքները մեր հասարակության մեջ գերակա դարձնելուն:

   -Եթե չեմ սխալվում, այդ նախագծերը մի քանի տարի առաջ են շրջանառության մեջ դրվել, այսինքն՝ արդեն գոյություն են ունեցել նախքան համաձայնագիրը ստորագրելը, սակայն մինչ օրս չեն ընդունվել:

-Այո, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը դեռ 2014թ. ներկայացվել է Ազգային ժողով, սակայն այդպես էլ չի քննարկվել եւ որպես առաջարկ մինչ օրս դրված է գրադարակին: «Խտրականության մասին» օրենքն ավելի վաղ՝ 2013թ. է շրջանառության մեջ դրվել, սակայն այդպես էլ չի ներկայացվել ԱԺ: Եվրամիության հետ կնքված պայմանագիրը նպատակ ունի ի վերջո օրենքներն ընդունել տալ եւ վերջնականապես փակել այդ հարցը:
Սակայն այժմ այդ օրենքների նախագծերը վերափոխված ձեւով պետք է քննարկման դրվեն, դրանք վերանայման փուլում են, եւ կարծում եմ, որ միասեռականներին պաշտպանող դրույթներն ավելի անկեղծ բովանդակությամբ կշարադրվեն նոր տարբերակներում:

   -Արդեն իսկ եղած նախագծերում ի՞նչ դրույթներ կան, որ նպատակաուղղված են ԼԳԲՏ-ների շահերը, իրավունքները պաշտպանելուն: Դրանցում հստակ ներկայացվա՞ծ է, որ օրենքները տվյալ համայնքի ներկայացուցիչների համար մեծ հնարավորություններ են ստեղծելու՝ ընդհուպ, ինչպես ձեր խոսքում նշեցիք, միասեռ ամուսնությունները:

-Տեսեք, «Խտրականության դեմ» օրենքի նախագիծն ուղղված է որոշակի հատկանիշներով անձանց իրավունքների պաշտպանությանը բոլոր ոլորտներում՝ սկսած կրթական ոլորտից, առողջապահությունից եւ այլն: Իսկ օրենքում «որոշակի հատկանիշներով անձանց» բնորոշման մեջ նշվում է, որ այդպիսիք կարող են համարվել անձը կամ մի խումբ անձինք, որոնք ունեն ենթադրյալ կամ իրական առանձնահատկություններ՝ կախված սեռից, ռասայից, գենդերից, մաշկի գույնից եւ այլն:
«Գենդեր» բառն արդեն իսկ հուշում է, որ խոսքը վերաբերում է ԼԳՏԲ-ներին: Այսինքն՝ այս նախագծի ընդունմամբ նաեւ այդ համայնքի ներկայացուցիչները հավասար հնարավորություններ են ստանալու բոլոր բնագավառներում:
Օրինակ, նրանք կարող են աշխատել կրթական ոլորտում՝ դասավանդելով ուսումնական հաստատություններում, ինչը ռիսկային է նոր սերնդի համար: Այդ անձինք կարող են ազատ քարոզչական աշխատանք իրականացնել՝ այլասերելով հասարակությունը:
«Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ» օրենքն արդեն հստակ ուղղված է միասեռ զույգերին ընտանիքի կարգավիճակ տալուն: Օրենքի նախագծի չորրորդ հոդվածի չորրորդ կետում, որտեղ նշված է, թե ովքեր կարող են ընտանիքի անդամ լինել, նշվում է, որ այդպիսիք են համարվում նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում չգրանցված, փաստացի ամուսնության մեջ գտնվող անձինք եւ զուգընկերները:
Այսինքն՝ բռնության արգելքը ոչ միայն ընտանիքի անդամների, այլեւ զուգընկերոջ միջեւ է դրվում: Իսկ զուգընկեր համարվում է այն անձը, որը պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել միեւնույն անձի հետ: Սեռերի մասին որեւէ հստակեցում չկա, եւ ենթադրվում է, որ զուգընկերները կարող են միասեռականներ լինել:
Ի դեպ, կարծում եմ, զուգընկերոջ հանգամանքը շեշտվել է՝ նկատի ունենալով, որ Հայաստանում միասեռականները օրենքով չեն կարող ընտանիք ձեւավորել, հետեւաբար նրանց իրավունքները այս կերպ են փորձում պաշտպանել: Մյուս կողմից էլ օրենքի այդ դրույթով իրավական հիմք է ստեղծվում նրա համար, որ ընտանիք համարվի նաեւ նույն սեռի ներկայացուցիչների միությունը՝ զուգընկերության մակարդակում:

   -Միայն այն, որ օրենքը չի հստակեցնում, թե կոնկրետ ո՞ր սեռերի միավորումը կարող է ընտանիք համարվել, կամ ովքե՞ր կարող են զուգընկերներ լինել, թույլ տալիս է ասելու, որ այն ուղղված է միասեռականների ամուսնությունները Հայաստանում օրինականացնելուն: Չէ՞ որ սահմանադրության մեջ նշված է, որ միայն կնոջ եւ տղամարդու միությունը կարող է ընտանիք համարվել:

-Ցավոք, սահմանադրությունը մեր վավերացրած միջազգային կոնվենցիաներից զորեղ չէ: Իսկ այս դեպքում Եվրամիության հետ Հայաստանի կառավարության կնքած համաձայնագրի պայմաններից մեկն էլ այն է, որ մեր երկիրը պետք է վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:
Ի՞նչ է ներկայացնում այդ կոնվենցիան: Դրանում սեւը սպիտակի վրա գրված է, որ սեռային տարբերությունն այլեւս կենսաբանական կատեգորիա չէ, այլ սոցիալական, ուստի այդ նկատառումով ընտանիքում կին կարող է համարվել բնությունից տղամարդ ծնվածը, որն իրեն, սակայն, հակառակ սեռի ներկայացուցիչ է համարում: Սա առաջին միջազգային պայմանագիրն է, որը տալիս է գենդերային պատկանելության բնորոշումը, եւ դրանով ընդունվում է, որ մարդն ինքն է որոշում, թե հասարակության մեջ որ սեռի դերն է ուզում ստանձնել՝ կնո՞ջ, թե՞ տղամարդու:
Եվ անգամ այս մարդկանց նկատմամբ որեւէ խտրականություն կամ բռնություն քրեորեն հետապնդելի է համարվում այն երկրներում, որոնք վավերացրել են կոնվենցիան: Հայաստանը դեռեւս չի վավերացրել, բայց իմ նշած երկու օրենքների նախագծերն ընդունելուց հետո անխուսափելի կլինի նաեւ այդ գործընթացը, քանի որ առանց դրա օրենքները թերի կլինեն:

   -Որքանո՞վ է հավանական, որ կառավարությունը կընդունի մեր հասարակության համար անհարիր այդ օրենքները, դրանով իսկ կանաչ լույս կվառի մեզանում արեւմտյան այլասերված բարքերի տարածման առաջ:

-Հաշվի առնելով, որ կառավարությունը ստորագրել է համաձայնագիրը, պատրաստակամություն, հայտնել նախագծերին օրենքի ուժ տալ: Այս դեպքում հասարակությունը պետք է զգոն լինի եւ թույլ չտա կառավարությանը նման քայլի դիմել: Մեզանում, ցավոք, միայն հասարակական շահագրգռությամբ է հնարավոր եղել մինչ օրս կասեցնել նման օրենքների ընդունումը:
Այժմ էլ պետք է ճնշում գործադրել, պահանջել ու պարտադրել հրաժարվել համաձայնագրից: Դրանով մեզ պարտադրվող երեւույթները հակասում են մեր հավատքին, արժեհամակարգին, համոզմունքներին, եւ ինչպես երկու տարի առաջ խոչընդոտեցինք գենդերային օրենքների մուտքը, այնպես էլ հիմա պետք է վարվենք:
Ներկայումս մեր նախաձեռնությունը իրազեկում է հասարակությանը, թե ինչ վտանգի առաջ ենք հայտնվելու, եւ այլասերման ինչ նախադրյալներ կարող են ստեղծվել «Խտրականության մասին» եւ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ:

   -Մյուս կողմից էլ փաստորեն աշխույժ քարոզչություն է տարվում ԼԳԲՏ-ներին սատարող կազմակերպությունների կողմից՝ մարդկանց ընկալումները երեւույթի նկատմամբ փոխելու, նրանց հանդուրժող դարձնելու համար: Վերջին տարիներին այդ կազմակերպությունների թիվն ավելացել է: Վտանգ չե՞ք տեսնում, որ իրենց ուժերը կենտրոնացնելով՝ նրանք ի վերջո կկարողանան որոշակի հաջողությունների հասնել:

-Այո, այդպիսի կազմակերպությունների թիվն իսկապես մտահոգիչ է: Այն մոտ մեկ տասնյակի է հասնում: Այդպիսի ՀԿ-ներից են «Նոր սերունդը», «Փինկ Արմենիան», «Կանանց ռեսուրսային կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն, «Կանանց աջակցման կենտրոնը» եւ այլն, որոնք ժամանակին կոալիցիա էին կազմել ԼԳԲՏ համայնքի պաշտպանության համար:
Նրանց այստեղ աջակցում եւ ֆինանսավորում են բացառապես արեւմտյան երկրների դեսպանությունները՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի: Եվ, ըստ էության, այդ կազմակեպությունները թերեւս առաջին հերթին նյութական նկրտումներով ազգադավ գործունեություն են ծավալում: Նրանց մեջ սակավաթիվ են ԼԳԲՏ-ների ներկայացուցիչները: Մյուսները կեղծ գաղափարների ջատագովներն են, ովքեր պատրաստ են վաճառելու սեփական հավատքն ու ազգային արժեքները՝ մի քանի արծաթի դիմաց:
Արդեն մի քանի տարի է, ինչ այդ կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելում են մարզերի դպրոցներ, հանդիպում այնտեղի աշակերտների հետ եւ գենդերային բռնության դեմ իրազեկում են իրականացնում՝ այդպիսով վարժեցնելով նրանց գենդերի ընկալմանը:

   -Օրենքը թույլատրո՞ւմ է նման քարոզչություն իրականացնել:

-Մեզանում արգելված չէ այդ քարոզչությունը: Հայաստանում դեռ գործում է կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին օրենքը, որում ներառված է նաեւ գենդերի քարոզչությունը: Այդ օրենքը պետք է վերափոխվեր, սակայն մեկ տարին անցավ, իսկ օրենքի փոփոխված տարբերակն այդպես էլ Ազգային ժողով չմտավ:
Ու մինչ այդ գործընթացը ձգձգվում է, գենդերասեր կազմակերպությունները բազմաթիվ երիտասարդների են ներգրավում իրենց շարքերը եւ նրանց օգտագործում սեփական նպատակների համար: Էլ չասեմ, որ այդ երիտասարդների սեռային հասկացությունները վերարժեւորվում են: Դա մեծ սպառնալիք է մեր հասարակության, պետության, մեր ազգի համար:

Հարցազրույցը վարեց ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆԸ

աղբյուրը՝ Հայոց Աշխարհ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *