Հայկ Նահապետյանի ելույթը «Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշները» միջազգային գիտաժողովում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հոգևոր-բարոյական ավանդական

արժեհամակարգի  և ընտանիքի ինստիտուտի դեմ ուղղված  սպառնալիքները

իրավական և տեղեկատվական ոլորտներում»

 

Հարգելի բարեկամներ

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հոգևոր-բարոյական ավանդական  արժեհամակարգին և ընտանիքի ինստիտուտին նետված մի շարք մարտահրավերներ վերածվել են իրական սպառնալիքների:

Այսպես.

  1. 2015 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը, որի 37-րդ` «Երեխային իրավունքների մասին» հոդվածով ամրագրվեց յուվենալ արդարադատության ներդրման իրավական հիմքերը` փաստորեն հարթելով երեխաներին ընտանիքներից օտարելու իրավական ճանապարհը:
  1. 2015 թվականի դեկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիր, որի կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաև լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր /ԼԳԲՏ/ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերվող «Խտրականության դեմ» և միասեռականների ընտանեկան միությունները օրինականցնող ու յուվենալ արդարադատությանը վերաբերվող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքները: Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է վավերացնել  նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնցվենցիան:
  1. 2016 թվականին ընտրվեց ՀՀ Մարդու իրավունքներ նորընտիր պաշտպան Արման Թաթոյանը, որը հանդիսանում է «Ընտանեկան բռնության կանխարգելման» և «Խտրականության դեմ» պայքարի ոլորտների օրենսդրական ակտերի մշակման աշխատանքների համակարգողը:
  1. «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի նախագծում, որպես հիմնական հասկացություն, օգտագործվում են ընտանիքի անդամներ համարվող այսպես կոչված «զուգընկերները», որոնք, ըստ օրենքի ձևակերպման, պարբերական սեռական հարաբերություն ունեցող անձիք են: Օրենքի նախագծում չի նշվում այդ անձանց սեռը, ինչը նշանակում է, որ զուգընկեր կարող են լինել նաև նույն սեռի անձիք: Այսինքն, սույն օրենքի նախագծով ամրագրվում է միասեռական զույգերի միությունը որպես ընտանիք համարվելու հանգամանքը:Ընտանեկան բռնություն է որակվում նաև անձին այսպես կոչված  «հոգեկան տառապանքի» ենթարկելը, ընտանիքի անդամի նկատմամբ այսպես կոչված «տնտեսական վերահսկողություն» սահմանելը և «երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը» սահմանափակելը, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակ չեն սահմանված: Ընտանիքի միջանձնային հարաբերությունների տիրույթ բռնության նման նոր տեսակներ ներմուծելով` շահագրգիռ արտաքին ուժերի համար իրավական հիմքեր են ստեղծվում լիովին վերահսկելի ԶԼՄ-ների օգնությամբ կառավարելի դարձնել երեխաների դաստիարակությունը, վարքը, նրանց մղել կատարելու ծնողների արդարացի կամքին, ազգային-հոգևոր արժեհամակարգին դեմ գործողություններ:
  1. «Խտրականության դեմ» օրենքի նախագիծն ուղղված է որոշակի հատկանիշներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Որոշակի հատկանիշներով անձիք դրանք ԼԳԲՏ խմբին պատկանող անձիք են, և սույն օրենքի նպատակը նրանց իրավունքների ամրագրումն է սոցիալական բոլոր ոլորտներում: Սա հնարավորություն կընձեռնի միասեռականներին մուտք գործել մանկապարտեզներ, դպրոցներ, կրթական այլ հաստատություններ` դրանով լավագույն պայմաններ ստեղծելով երեխաների շրջանում պղծությունների տարածման համար:
  1. 2016 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է փոփոխությունների  ենթակա ՀՀ օրենքների ցանկը, որում առկա են նաև «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երեխայի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Սկսվել է իրավական գործընթաց, որով միջազգային նորմերը պետք է ամրագրվեն ՀՀ իրավական ակտերի մեջ:
  1. 2016 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ Համաշխարհային բանկի «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի շրջանակներում» նախատեսվում է հանրապետությունում ստեղծել սոցիալական ծառայություններ մատուցող ևս 27 կենտրոններ` նման կենտրոնների թիվը հասցնելով 52-ի, որոնք ծառայելու են նաև երեխաներին ընտանիքներից օտարելու գործընթացին, ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելուն` դրանք կազմալուծելու հստակ մտադրությամբ:
  1. Եվրոպական շրջանակ. «ԵՄ 2020թ. ռազմավարություն և ԵՄ Եկամուտների և կենսապայմանների վիճակագրության անցկացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը 2015 թվականից առ այսօր իրականցնում է տնային տնտեսությունների անդամների սոցիալական ներառումների վիճակագրական ուսումնասիրություն` ներառյալ 1-16 տարեկան երեխաները` գրանցելով հագուստի, սննդի, հանգստի, կրթության, առողջության, բնակարանային պայմանների վիճակը, ժամանցի անցկացման և վճարովի դպրոցական միջոցառումների մասնակցության հնարավորությունները: Փաստորեն ցուցակագրվում են բոլոր այն հավանական ընտանիքիները, որոնց ծնողները, համաձայն ՀՀ սահմանադրության 36 հոդվածի 1-ին կետի, պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Սակայն հաշվի առնելով, որ  Հայաստանում բնակչության առնվազն կեսից ավելին սոցիալական ծանր պայմանների պատճառով չի կարողանում ապահովել երեխաների սննդի, հանգստի, առողջության, բնակարանային պայմանների նվազագույն պահանջները, ուստի և այդ ընտանիքները հայտնվում են ռիսկային գոտում, որտեղից ապագայում նրանց երեխաները տարբեր իրավական հիմնավորումներով կարող են տեղափոխվել ապաստարաններ:
  1. 2016 թվականին ՀՀ Կառավարությունը հաստատել է «Կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը», որտեղ առավել դյուրին հնարավորություն է ընձեռնվում երեխաներին ժամանակավոր ապաստարաններ տեղափոխելու և այլ անձանց կամ հաստատությունների կողմից երեխաներին խնամատարության վերցնելու և վերջնականորեն ընտանիքներից օտարելու համար:
  1. Աննախադեպ է վերջին երեք ամիսներին այսպես կոչված «Ընտանեկան բռնության կանխարգելման» և «Խտրականության դեմ» օրենքների ընդունման անհրաժեշտության մասին քարոզչություն իրականացնող համարյա բոլոր հեռուստաընկերությունների կողմից տրվող հաղորդումների քանակը, տևողությունը, մասնակիցների ընդգրկվածությունը: Քարոզչությանը մասնակցում են թե’ պետական բարձրաստիճան` ներառյալ ՀՀ Կառավարության անդամներ, թե’ Ազգային Ժողովի պատգամավորներ, թե’ կուսակցությունների ներկայացուցիչներ, թե’ մտավորականներ, թե’ միասեռականների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ և, անգամ, միասեռականներ:
  1. Կարելի է եզրակացնել, որ Եվրամիության այսպես կոչված արժեքների, իսկ իրականում Հայաստանում զազրելի պղծությունների իրավական ամրագրման գործընթացը  մտել է եզրափակիչ փուլ: Ըստ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների` մինչև 2016 թվականի ավարտը այդ օրենքները պետք է ընդունվեն ՀՀ Ազգային Ժողովի կողմից:

Հարգելի բարեկամներ, սա չհայտարարված պատերազմ է բոլորիս դեմ` անկախ մեր աշխարհայացքային ու քաղաքական մոտեցումներից, դավանաբանական, կրոնական համոզմունքներից` ուղղված մեր ազգային-հոգևոր արժեհամակարգի վերջնական քայքայմանն ու ոչնչացմանը: Ժամանակն է սթափ գնահատել այս իրողությունը և կատարել ճիշտ ընտրություն:

Մենք ակնկալում ենք մեր հայրենիքի ապագայով իրապես մտահոգ բոլոր անձանց օգնությունն ու աջակցությունը հայ ժողովրդի ու  պետականության դեմ ուղղված վերոնշյալ սպառնալիքների չեզոքացման գործում:

Մենք հստակ գիտակցում ենք, որ սա բարու պատերազմն է չարի դեմ, Աստծո պատերազմն է սատանայի դեմ և մենք բարձրանում ենք այս պատերազմում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով:

Մենք ակնկալում ենք նաև բոլոր քրիստոնյաների միաբանությունն ու աղոթքն առ Աստված`Հայաստանում ճշմարտության, իրավունքի ու արդարության հաստատման համար:

Մենք հավատում ենք, որ մեր Տեր Աստծո օգնությամբ և առաջնորդությամբ մեր պայքարը պսակվելու է հաջողությամբ, «որովհետև  եթե մեր Տեր Աստված մեզ հետ է, ապա ով էմեզ հակառակ (Աստվածաշունչ մատյան, Հռոմեացիներին 8:31) : … Որովհետև ամեն բան կարող ենք մեզ զորացնող Հիսուս Քրիստոսով (Փիլիպեցիներին 4:13)»:

Շնորհակալություն ուշադրության համար:

Հայկ Նահապետյան

«ՀԱՆՈՒՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» նախաձեռնության  համակարգող

31.03 .2016թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *