Դե՛մ եմ Հայաստանին պարտադրվող G7-երի Սահմանադրությանը (հոդված 58)

Հոդված 58. Սեփականության և ժառանգման իրավունքը: Հարկային պարտավորությունները

6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սույն հոդվածում չեն հստակեցված, թե որոնք են օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության ձեռքբերման իրավունքի սահմանափակման չափորոշիչները։

ՀՀ գործող հողային օրենսգրքի 4–րդ հոդվածի 3–րդ կետում նման սահմանափակում կա.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ»:

Այստեղ, փաստորեն, առաջանում է հակասություն: Քանի որ սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ,  ապա գործող հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է փոփոխվի և համապատասխանեցվի սահմանադրությանը։

Այսպիսով, սահմանադրության նոր նախագծի 58-րդ հոդվածի 6-րդ կետով ամրագրվում է օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ հողի նկատմամբ սեփականության ձեռքբերման իրավունքը։

ՀՀ հողային օրենսգրքի 6-րդ հոդվածի Համաձայն ՀՀ հողային ֆոնդը դասակարգվում է՝

1) գյուղատնտեսական նշանակության, 2) բնակավայրերի, 3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, 5) հատուկ պահպանվող տարածքների, 6) հատուկ նշանակության, 7) անտառային, 8) ջրային, 9) պահուստային հողերի:

Փաստենք ևս մեկ մտահոգիչ հանգամանք։ 2003թ.-ին Հայաստանը դարձավ Առևտրի միջազգային կազմակերպության անդամ։  2010թ.-ին, Բեռլինում կայացած համագումարի ժամանակ, Առևտրի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Պասկալ Լամին իր զեկույցում հայտարարեց տրանսնացիոնալ կորպորացիաների համար այլ պետությունների բնական պաշարների հասանելիությունը ապահովելու վերազգային կարգավորման սկզբունքների մասին։ Նշվեց, որ եթե պետությունը հանքարդյունաբերության բնագավառում կիրառում է որոշակի սահմանափակող նորմեր (օրինակ, բնապահպանության հետ կապված) և որոնք նվազեցնում են տրանսնացիոնալ կորպորացիաների եկամուտները տվյալ պետության մեջ, ապա այն երկրների իշխանությունները, որտեղ որ այդ կորպորացիաները գրանցված են, Առևտրի միաջազգային կազմակերպությունում իրենց ներկայացուցչի միջոցով կարող են պահանջել մեղմել կամ ընդանրապես չեղյալ համարել այդ նորմերը։ Ավելին, ՏՆԿ–ները իրավունք են ունենալու դատական կարգով վիճարկել այն պետության օրենքները, որտեղ նրանք իրականացնում են իրենց առևտրային գործունեությունը։ Նման նախադեպ տեղի է ունեցել 2012թ.-ին, երբ Եվրամիությունը և ԱՄՆ-ը Չինաստանի դեմ հայցով դիմեցին Առևտրի միջազգային կազմակերպություն այն պատճառով, որ Չինաստանը, բարձրացնելով արտահանման քվոտաները, սահմանափակումներ էր մտցրել հազվագյուտ մետաղների արտահանման համար։

Մեր համոզմամբ, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման արգելքի վերացումը լրջորեն սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը և ազգային անվտանգությանը, քանի որ իրավական հիմքեր են ստեղծվում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ռեսուրսների, ընդերքի, օգտակար հանածոների և սահմանամերձ գոտիների օտարման համար: