Դե՛մ եմ Հայաստանին պարտադրվող G7-երի Սահմանադրությանը (հոդված 17)
Հոդված 17. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով:
Մեր համոզմամբ, սահմանադրության նոր նախագծի 17-րդ հոդվածով իրավական հիմքեր են ստեղծվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերի ստորադասման և ժողովրդի հոգևոր հիմքերի խարխլման համար:
Ներկայացված սահմանադրության նոր նախագծի մեջ էականորեն նվազեցվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերը։ Եթե գործող սահմանադրության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, ապա սահմանադրության նոր նախագծի մեջ նշված է, որ այդ հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը հավասարեցվում է աղանդավորական կազմակերպությունների կարգավիճակին՝ զրկելով նրան որոշակի արտոնություներից, որոնք հատուկ համաձայնագրով չեն կարող սահմանվել։