Դե՛մ եմ Հայաստանին պարտադրվող G7-երի Սահմանադրությանը (հոդված 5)

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական իրավական ակտերը՝ Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին և օրենքներին:

2. Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Փաստենք, որ եթե գործող Սահմանադրության 6-րդ հոդվածում գերակայություն է տրվում միայն ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերում ամրագրված նորմերին մեր օրենքների նկատմամբ («Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»), ապա սահմանադրության նոր նախագծի 5-րդ հոդվածում ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը ևս գերակայություն են ստանում ՀՀ օրենքների նկատմամբ։

Գոյություն ունի տարածված կարծիք, որ ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի մասին դրույթը համընդհանուր բնույթ ունի։ Տարբեր երկրների սահմանադրությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի մասին դրույթը դրանց մեծամասնությունը չի պարունակում։

Համաձայն «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» կոնվենցիայի 53–րդ հոդվածի (http://www.un.am/res/UN%20Treaties/XIV_1.pdf, http://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/law_treaties.shtml«միջազգային պարտադիր նորմն այն է, որը պետությունների միջազգային հանրության կողմից ամբողջությամբ ընդունվում ու ճանաչվում է որպես նորմ, որից շեղումն անթույլատրելի է, և որը կարող է փոփոխվել միայն ընդհանուր միջազգային իրավունքի հաջորդ նորմով»։

Այստեղ որևէ ձևով չի հստակեցվում, թե ո՞ւմ կողմից, ե՞րբ ընդունված և ո՞ր նորմերի մասին է խոսքը։ Փաստենք, որ ներկա պահին գոյություն չունի միջազգային իրավական որևէ փաստաթուղթ, որտեղ հստակ կթվարկվեն միջազգային իրավունքի պարտադիր նորմերը (jus cogens): Այսինքն, հայտնի չէ, թե ՀՀ սահմանադրության նախագծի 5–րդ հոդվածով միջազգային իրավունքի ո՞ր պարտադիր նորմերին է գերակայություն տրվում։

Ավելին, 1966թ․-ին ընդունված և 1976թ․-ին ուժի մեջ մտած «Международный пакт о гражданских и политических правах» (International Covenant on Civil and Political Rights) ՄԱԿ–ի համաձայնագրի (http://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/pactpol.shtml ) 41-րդ և 42-րդ հոդվածների համաձայն, համաձայնագրին մասնակից 10 պետություններ կարող են համաձայնագրին մասնակից մեկ այլ պետության վերաբերյալ անել հայտարարություններ այն մասին, որ վերջինս խախտում է սույն համաձայնագրի դրույթները։ Եթե հարցն իր լուծումը չի ստանում շահագրգիռ պետությունների միջև, ապա կազմվում է հատուկ հանձնաժողով, որը և, քննելով հարցը, կայացնում է որոշում։

Այսինքն, ընդամենը 10 երկրների պահանջով, ցանկացած ինքնիշխան պետության ներքին գործերին կարող է խառնվել տվյալ պետության հետ կապ չունեցող  5 հոգանոց հանձնաժողով, որն իր վրա է վերցնում վիճելի հարցում որոշում կայացնելու իրավունքը։

Արձանագրում ենք, որ ՀՀ սահմանադրության նոր նախագծի 5-րդ հոդվածը հակասության մեջ է մտնում 1-ին հոդվածի հետ («Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է») և սպառնում է Հայաստանի ինքնիշխանության գոյությանը։