Այսօր աշխարհաքաղաքական գործոն դարձավ հայ զինվորը, որը խառնեց թշնամու խաղաքարտերը

Hay-zinvorԱրցախի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների նպատակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ է ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցը ռազմա-քաղաքական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:

– Ձեր կարծիքով՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի, ապա, կրտսեր եղբորն օգնության շտապելու դեպքում, նաև Թուրքիայի կողմից հնարավոր լայնամասշտաբ պատերազմի նպատակն ի՞նչը կարող է լինել:

– Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների թիվ մեկ խնդիրը Ռուսաստանում քաղաքական իշխանության փոփոխությունն է, թեկուզ և դա արվի Ռուսաստանին տարբեր թեժ կետերում պատերազմի մեջ ներքաշելով և թուլացնելով: Անգամ Սիրիայում սկսված պատերազմը նաև Ռուսաստանի դեմ էր ուղղված:

«Իսլամական պետության» զինյալ ջոկատները, որոնք ֆինանսավորվում ու պատրաստվում են «անդրօվկիանոսյան մեր բարեկամների» կողմից, եթե չոչնչացվեին Սիրիայում Ռուսաստանի ու իր դաշնակիցների կողմից, բնականաբար, վաղ թե ուշ, թափանցելու և իրենց թիրախ էին դարձնելու նաև Ռուսաստանը: Թափանցման ուղղությունները հիմնականում երկուսն են՝ Հարավային Կովկաս և Միջին Ասիա:

Ի դեպ, տեղեկացնեմ, որ Աֆղանստանում մի քանի նահանգներ արդեն «Իսլամական պետության» դրոշ են բարձրացրել, թե ինչպե՞ս է դա տեղի ունեցել՝ տվյալ նահանգների ղեկավարներին գնե՞լ են, թե՞ նրանք գաղափարական առումով նույնն են, այլ հարց է: Սակայն եթե Աֆղանստանում «Իսլամական պետության» դրոշ է բարձրացվում, դա նշանակում է, որ նրանք այդ երկրին տիրելուց հետո առաջ են գալու, ներխուժելու են Տաջիկստան (հիմնականում տաջիկների միջոցով, որովհետև Աֆղանստանի բնակչությունը հիմնականում տաջիկներն են, փուշտուները և ուզբեկները), ապա միջինասիական այլ հանրապետություններ:

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, և «Իսլամական պետության» զինյալների թափանցմանը Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը համարվող Հյուսիսային Կովկաս, այն Ռուսաստանից կտրելու, Ռուսաստանի մասնատման ճանապարհին, Հայաստանը խանգարող գործոն է:

Ինչպես ժամանակին ասում էին՝ հայերը Թուրքիայի կոկորդում են մնացել, այնպես էլ հիմա Հայաստանն այդ ծրագրերի ռազմավարների կողմից գնահատվում է որպես կոկորդում մնացած ոսկոր: Անգամ Ղարաբաղում այս ռազմական գործողությունները ես դիտում եմ ոչ այնքան որպես Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավման կամ դրա համար հող նախապատրաստելու գործողություններ, որքան Հայաստանում իշխանափոխություն առաջացնելու ձախողված միջոց:

– Ի՞նչ նկատի ունեք, ինչպե՞ս էին փորձելու դա իրականացնել:

– Եթե Ադրբեջանի զինուժին հաջողվեր մեր որոշ տարածքներ իրենց հսկողության տակ վերցնել, Հայաստանում համապատասխան վերահսկելի ԶԼՄ-ները սկսելու էին քարոզչություն, որով, եթե մեղմ ձևակերպեմ, մեղադրելու էին իշխանություններին ոչ պրոֆեսիոնալիզմի, ապաշնորհության, պատերազմ վարել չկարողանալու, պարտության, մի քանի շրջաններ հանձնելու, մեծաթիվ զոհեր տալու մեջ, կարծես թե պատերազմի ժամանակ այդպիսի բան չի լինում: Գրեթե կասկած չունեմ, որ առաջ գնալով, Հայաստանի իշխանություններին դավաճանության, հող ծախելու, հայրենիք ծախելու համար էլ կմեղադրեին: Ուզում եմ հիշեցնել, որ նույն կարգախոսները հնչել են, երբ 1992 թվականի հունիսին Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր Ադրբեջանի զինուժը վերցրել էր իր հսկողության ներքո: Եթե Ալիևն ապրիլի 2-ի գործողությամբ կարողանար հասնել որոշակի ռազմական հաջողությունների, Հայաստանում այդ իրողություններն օգտագործվելու էին իշխանափոխություն իրականացնելու համար: Նույնն է լինելու նաև առաջիկայում, եթե Ադրբեջանին հաջողվի որոշակի ռազմական հաջողությունների հասնել:

– Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական գործողությունների իմաստը ո՞րն էր ռազմական, ինչպես նաև աշխարհաքաղաքական առումներով:

– Ի սկզբանե ասեմ, որ կատարվածն Ադրբեջանի կողմից մեծամասշտաբ պատերազմի սկսում չէր, չուներ այդ նպատակը, որովհետև նման պատերազմից առաջ հրթիռահրետանային բոլորովին այլ նախապատրաստություն կիրականացվեր, գործի կդրվեին նաև ռազմական ինքնաթիռները, միանգամից, հուժկու կերպով հարված կհասցվեր նաև մայրաքաղաք Ստեփանակերտին, թիկունքում գտնվող զորամասերին, կարևորագույն կոմունիկացիաներին: Ադրբեջանը պարզապես նպատակ ուներ բլից կրիգով գրավել Արցախի որոշ բնակավայրեր, Պաշտպանության բանակի որոշ դիրքեր, միաժամանակ իրականացնել մարտ հետախուզությամբ, այսինքն՝ պարզել մեր թույլ և ուժեղ կողմերը:

Քաղաքական, աշխարհաքաղաքական առումներով, կարծում եմ, նպատակն Արցախի որոշ բնակավայրեր կամ շրջաններ գրավելով, այդ կերպ Հայաստանում իշխանափոխության հասնելն էր, որից հետո Հայաստանի քաղաքական նոր վերնախավը, այսպես ասած, «ճիշտ» արտաքին կողմնորոշում կունենար, կփոխեր մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը: Այդ ամենի նպատակը հետևյալն է’ հասնել նրան, որ Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններն էլ ամբողջովին հայտնվեն հակառուսական դաշտում, և Հարավային Կովկասից Ռուսաստանին հարվածի ժամանակ որևիցե խոչընդոտ չլինի: Սակայն ցանկանում եմ մի կարևոր շեշտադրում կատարել’ այսօր աշխարհաքաղաքական գործոն դարձավ և առաջիկայում էլ կարող է դառնալ հայ զինվորը, որը խառնեց և ապագայում էլ կարող է խառնել թշնամու խաղաքարտերը: Մարտի դաշտում հայ զինվորը, հայկական զինուժն աշխարհաքաղաքական գործոն կարող են հանդիսանալ, այսինքն’ ձախողել նրանց ծրագրած բոլոր պլանները:

– Ադրբեջանի զինված ուժերի այս հարձակումը սովորաբար կապում են Թուրքիայի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման հետ, Թուրքիայի դերակատարության առումով ի՞նչ կարծիքի եք:

– Իրականում Թուրքիան գործիք է: Թուրքիան չի պլանավորում ռազմավարական քայլեր’ այնպես, ինչպես արաբական աշխարհում և Սիրիայում Թուրքիան չի հանդիսանում ռազմավարություն մշակող պեություն: Ավելին ասեմ. այն, որ Թուրքիան դառնալու էր գործիք, պլանավորել էին Էրդողանի նման անձին իշխանության բերելուց առաջ, այսինքն’ նպատակ դնելով, որ Աթաթուրքի աշխարհիկ կարգերն այլևս պետք է փոխարինվեն իսլամականով:

– Ինչո՞ւ:

– Որովհետև, ինչպես նախատեսված էր, Թուրքիան պետք է դառնար իսլամական ֆունդամենտալիզմը սնուցող, սպասարկող պետություն: Հայտնի է, որ «Իսլամական պետության» հիմնական սնուցողը, կազմակերպիչը Թուրքիան է և, բնականաբար, Թուրքիայի աշխարհիկ գեներալները և փաշաները, եթե իրենք լինեին պետության ղեկին, չէին ընդունելու այդ դերակատարությունը: Հետևաբար նայեք, թե ծրագիրը որքան ժամանակ առաջ է մշակված եղել, որպեսզի հոգևոր կրթություն ստացած Էրդողանը իշխանության գար:
Նույն տրամաբանությամբ, Թուրքիան այս գործողության մեջ ևս գործոն չէ: Ինքը գործիք է, կարևորագույն գործիք, բայց ոչ գործոն, ի տարբերություն մարտավարականի, ռազմավարական առումով, կարծում եմ, ինքը չի որոշում: Օրինակ, ինքը չի որոշում’ Ռուսաստանի դեմ պատերազմ պետք է սկսի, թե ոչ:

Ես համոզված եմ, որ Ալիևին Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը բնավ ձեռք չի տալիս, նա կարող է պարտադրված մտնել պատերազմի մեջ’ շատ լավ գիտակցելով, որ եթե պարտվի, կորցնելու է և՛ իշխանությունը, և՛ նավթի ու գազի խողովակները, և՛ միլիարդավոր նավթադոլարները, և՛ անգամ իր և իր ընտանիքի անդամների կյանքը:

– Ձեր կարծիքով, եթե Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ, ՀԱՊԿ-ը կմիջամտի՞:

– Դա որոշվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ. Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգությունը, ըստ պայմանագրի, ոտնձգություն է նաև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների նկատմամբ, ինչն Ադրբեջանը հստակ գիտակցում է: Կարծում եմ, Ադրբեջանը կարող է դիմել սադրանքի, Հայաստանի սահմանների մոտ որոշակի զորաշարժ կատարել, նույնիսկ հրետանի կիրառելով, կրակել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գտնվող որոշ զորամասերի, բնակավայրերի վրա, բայց սահմանը զինվորներով ու տեխնիկայով խախտելու քայլին չի գնա, որովհետև այն միանշանակ կգնահատվի որպես ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ ու կարժանանա ՀԱՊԿ-ի ռազմական արձագանքին: Ռուսաստանի հարավային սահմանում պատերազմը կանխելու համար Ռուսաստանը, բնականաբար, կօգտագործի քաղաքական, դիվանագիտական իր ամբողջ ներուժը, որպեսզի այն չլինի:

Հայաստանից, Արցախից և Ռուսաստանից բացի, այդ պատերազմի բացառման հարցում առավելագույն շահագրգռված պետությունը նաև Իրանն է: Այո, նաև Իրանի գործոնը կարող է դեր կատարել, քանի որ այս տարածաշրջան իսլամական ֆունդամենտալիստների մուտքի դեպքում, վերջիններիս թիրախներից կամ հարվածային ուղղություններից մյուսը ինքն է լինելու’ շիա մահմեդականության կենտրոնը, քանի որ «Իսլամական պետություն» կոչված կազմակերպությունն այն դիտում է որպես իրեն թշնամի երկիր: Կարծում եմ, Իրանը հիմա դիվանագիտական և այլ ճանապարհներով ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա’ հնարավոր պատերազմը կանխելու համար:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

http://lurer.com/?p=219493&l=am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *