Հայաստանում հակառուսական, հակառուսաստանյան և հակաեվրասիական տրամադրությունների շիկացման մեթոդները

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգում հայտնվեցին թեմաներ, որոնք.

  1. պետք է գնահատել արհեստածին,
  2. որևէ աղերս չունեցող ՀՀ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների և դրանց լուծումների հետ,
  3. ուղղակի և անուղղակի կերպով դրանց արծարծումը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը:

Տեղեկատվական այդ հոսքերը խմբավորելով, կարելի է գնահատել, որ գործ ունենք տեղեկատվական պատերազմի վարման օրենքների, մեթոդաբանության և գործիքակազմի հետ: Այն կարելի է խմբավորել հետևյալ կերպ.

  1. Ժողովրդի կյանքում կարևորագույն խնդիրների վերաբերյալ ձևավորվում է կեղծ օրակարգ, տեղեկատվական և քարոզչական դաշտում բարձրացվում են արհեստական խնդիրներ և առաջարկվում դրանց լուծումները: Այդ օրակարգում ներառված են.
    • Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների պետական, կուսակցական գործիչների գործունեության գնահատականները և միմյանց հակադրելը,
    • շուրջ երկու հարյուր տարի մեր ժողովրդի մոտիկ և հեռու հարևանների հետ ազգամիջյան շփման լեզվի անհրաժեշտության կասկածի տակ դնելը,
    • ՀՀ ազգաբնակչության, ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար ռազմավարական դաշնակիցներից հրաժարվելը,
    • ՀՀ-ում խիստ վտանգավոր և ծանր հետևանքներով հղի հակառուսականության և հակաեվրասիականության քարոզչության իրականացումը,
    • ՀՀ տնտեսական կայությունը ապահովող և զարգացման համար նպաստավոր իրական պայմաններ ստեղծող վերպետական կառույցներից Հայաստանի հրաժարումը,
    • Իշխանության տարբեր կառույցների, անձանց միջև իբր հակասությունների գոյության բացահայտումը, բարձրաձայնումը և լուծումների առաջարկումը,
    • Հայոց ոսկեղենիկ լեզվի դիլետանտական և թշնամական գնահատականը:
  1. Ընտրվում է հայ ժողովրդի և պետականության պատմության որոշակի ժամանակահատված, որի պետական, կուսակցական գործիչների գործունեության վերաբերյալ տրվում են դիլետանտական մակարդակով միակողմանի և կողմնակալ գնահատական և փաստերի կեղծմամբ իրականացվում է քարոզչություն: Այսպես.
  • Կատարվում է խորհրդային անցյալի պատմական իրողությունների կեղծում, փաստերի աղավաղում, անգամ՝ այդ ժամանակի փաստաթղթերի խեղաթյուրմամբ,
  • Ներկայացվում է այդ տարիների կուսակցական-պետական գործիչների գործունեության, դերակատարության վերաբերյալ միակողմանի, կողմնակալ, և փաստազուրկ քննադատություն, նսեմացվում և սևացվում Հայաստանի և հայության համար նրանց ունեցած մեծ վաստակը,
  • Փորձ է արվում նույնացնել խորհրդային տարիների հայ պետական գործիչների գործունեությունը և նպատակները երիտթուրքերի հետ, ցինիկաբար մոռանալով, որ երիտթուրքերի կառավարման տարիներին Արևմտյան Հայաստանի տարածքում ցեղասպանության հետևանքով համարյա հայ չմնած, իսկ խորհրդային տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը 700 հազարից դարձավ շուրջ 3 միլիոն 700 հազար:
  • Փորձ է արվում նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի, ժամանակին որպես հոգևոր-պետական-ազգային, իսկ այսօր հոգևոր-ազգային ամենակարևոր ինստիտուտի դերակատարությունը:
  1. Իբր մասնագիտորեն կատարված սոցիոլոգիական հարցումների միջոցով կատարվում է իրականության խեղաթյուրված ներկայացում, կեղծելով արդյունքները և եզրահանգումները: Ընդհանրապես, սոցիոլոգիական հարցումները` հիմքում որպես կանոն պատվիրված և իրականում ոչ հավաստի լինելով հանդերձ, միշտ էլ հետապնդել են քողարկված քաղաքական նպատակներ: Ավելին, հենց ծպտյալ կեղծիքը, տվյալների չհիմնավորված և թռուցիկ ներկայացումն ակնհայտ է դարձնում նման հարցում կատարողի ինչպես մասնագիտական անկարողությունը, այնպես էլ՝ պատվիրատուին: Նշյալի ցայտուն օրինակ է 2017թ. հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: Փաստեմ միայն, որ Ստեփան Գրիգորյանի ղեկավարած կենտրոնը Սորոսի հիմնադրամից ստացել է ընդհանուր առմամբ 148 հազար 530 դոլար գումար:

Նախ ներկայացնեմ, որ հարցման վերաբերյալ զեկույցի մեթոդաբանության, գործիքակազմի, հարցվածների տարիքային և սոցիալական խմբերի, հարցումը պատրաստող գլխավոր հետազոտողների, մասնակիցների, ուսումնասիրող խմբի անդամների, հարցումն իրականացնելիս մասնագիտական պատրաստվածության և կարգավիճակի, խմբագրական, գրաֆիկական, կոմունիկացիոն տվյալների վերաբերյալ անհրաժեշտ համապատասխան տեղեկատվությունը բացակայում է: Չկա որևէ կայք, ներառյալ այդ կենտրոնի պաշտոնական կայքը, որտեղ պետք է տեղադրված լիներ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ընդամենը տեղի է ունեցել մամուլի ասուլիս «Կոնգրես» հյուրանոցում, Ստեփան Գրիգորյանը լրագրողներին իրազեկել է շուրջ երեք ամիս տևած և իբր իրականացված հարցման թվերը, որոնք էլ ԵԱՏՄ-ին, ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ԵՄ-ին ՀՀ բնակչության վերաբերմունքի գնահատման հիմք են հանդիսացել և ապագայում հանդիսանալու են: Քարոզչական դաշտում Սորոսի ֆինանսավորմամբ կառույցներն այդ մասին կարծում եմ կհոգան լավագույնս:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում գրեթե նույն շեշտադրումներով նմանատիպ մի հարցման վերաբերյալ տեղեկատվություն, որն իրականացրել է ամերիկյան հայտնի Պյու հետազոտական կենտրոնը շուրջ երկու տարի՝ 2015-2016թթ., կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունում: Հիշեցնեմ, որ այդ տարիներին Հայաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնց խեղաթյուրված ներկայացումը ԶԼՄ-ներով բնակչության մոտ առաջացրեցին հակառուսականության լուրջ ալիք: Այսպես. Պերմյակովի դեպքը, Արցախում ապրիլյան ռազմական գործողությունները և Երևանում ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած իրադարձությունները:

Ամերիկյան այդ հետազոտական կենտրոնի անաչառության վրա չկասկածելով, փաստենք միայն, որ այդ հարցման մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը տեղադրված է հետազոտական կենտրոնի պաշտոնական կայքէջում:

Եվ այսպես ներկայացնեմ համեմատական զուգահեռներ Ս. Գրիգորյանի և ամերիկյան Պյու հետազոտական կենտրոնի կատարած հարցումների վերաբերյալ:

Ըստ Ս. Գրիգորյանի կենտրոնի հարցման՝ ՀՀ քաղաքացիների 58 տոկոսը ՀՀ ապագան կապում է ԵՄ անդամակցության հետ, և միայն 38 տոկոսն է դեմ: ՀՀ-ի՝ 2013թ. ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը քաղաքացիների 78 տոկոսը գնահատում է բացասական, 20.5 տոկոսը՝ դրական: ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացումը քաղաքացիների 88.6 տոկոսը գնահատում է դրական, 10 տոկոսը՝ բացասական: Այս հարցումներից երևում է, որ իբր ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը Հայաստանի ապագան կապում է Եվրամիության անդամակցության հետ:

Իսկ ինչպիսի՞ն են ամերիկյան հետազոտական կենտրոնի իրականացրած հարցման ցուցանիշները:

Փաստենք, որ Եվրամիությունը ՀՀ բնակչության մոտ ուղղակի ասոցացվում է որպես ավանդական հոգևոր և ընտանեկան արժեքներին նետված սպառնալիքի աղբյուր, որով փորձ է արվում Հայաստանի Հանրապետության իրավական դաշտում ամրագրել այլասերվածների և պղծվածների իրավունքերը:

«Համասեռամոլությունը համարվո՞ւմ է բարոյապես անթույլատրելի» հարցմանն ի պատասխան հարցման մասնակցած 20 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է առաջին տեղը 98% արդյունքով, իսկ «Կո՞ղմ եք միասեռականների ամուսնություններին» հարցին առաջին երկու տեղերը զբաղեցնում են Հայաստանը և Վրաստանը 3% արդյունքով: «Բնակչությունը կո՞ղմ է, որպեսզի պետությունն օժանդակի կրոնական արժեքների տարածմանը» հարցին ի պատասխան, Հայաստանը 59%-ով գտնվում է առաջին տեղում:

Համաձայն Ս. Գրիգորյանի կենտրոնի իրականացրած հարցման այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությանը համարում եք Հայաստանի դաշնակից, հարցվածների 34.33 տոկոսը դրական է պատասխանել, 30.56 տոկոսը՝ բացասական, իսկ 35.11 տոկոսը՝ համարել է մասամբ: Հարցվածների 40 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունները խոչընդոտ են ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում, 29.6 տոկոսը՝ ոչ, իսկ 29 տոկոսը՝ մասամբ:

Այս առումով հետաքրքրական է ամերիկյան հետազոտական կենտրոնի կատարած երկու հարցման պատասխանը:

Հարցին, թե արդյո՞ք «Ռուսաստանը պետք է դիմագրավի Արևմուտքին, թե ոչ», Հայաստանը «այո» պատասխանով 83%-ով ՌԴ-ից հետո գտնվում է երկրորդ տեղում: «Ռուսաստանին դիտո՞ւմ եք արդյոք որպես բուֆեր Ձեր և Արևմուտքի միջև» հարցին, այսինքն՝ «Հզոր Ռուսաստանը հանդիսանո՞ւմ է արդյոք հակակշիռ Արևմուտքի ազդեցությանը, թե ոչ» հարցին՝ Հայաստանը 83% դրական պատասխանով գտնվում է հարցված երկրների շարքում 2-րդ տեղում, ՌԴ-ից հետո: Սա է ՀՀ բնակչության վերաբերմունքը ՌԴ նկատմամբ ըստ ամերիկյան հետազոտական կենտրոնի կատարած հարցումների:

Ըստ Ստեփան Գրիգորյանի ղեկավարած կառույցի հարցման, թե ՀԱՊԿ-ն ապահովո՞ւմ է Հայաստանի անվտանգությունը հարցին 15 տոկոսը տվել է դրական պատասխան, իսկ 41 տոկոսը՝ բացասական: Հարցին, թե ՀԱՊԿ-ը կաջակցի՞ Հայաստանին, եթե Ադրբեջանի հետ պատերազմ սկսվի, 31 տոկոսը նշել է, որ կաջակցի, իսկ 63.4 տոկոսը՝ ոչ:

Իսկ ինչպիսի՞ն է ամերիկյան Պյու հետազոտական կենտրոնի գնահատականը: Հարցին, թե «Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել ուղղափառ քրիստոնեաներին», Հայաստանում հարցվածների 79%-ը դրական է պատասխանել, հարցված երկրների մեջ գտնվելով 1-ին տեղում: Պետք է հաշվի առնել, որ ընդհանուր առմամբ ՀԱՊԿ ասելով, Հայաստանի բնակչությունն առաջին հերթին այն ասոցացնում է Ռուսաստանի հետ:

Որո՞նք են Ստեփան Գրիգորյանի ղեկավարած Կենտրոնի հրապարակած այսպես կոչված հարցումների նպատակը: Դա ԶԼՄ-ներով ապատեղեկատվության տարածման միջոցով քարոզչության իրականացումն է, հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական և հոգևոր անվտանգության ապահովման համար գոյություն ունեցող պետությունների, ռազմա-քաղաքական և տնտեսական դաշինքների թուլացումը, այդ պետությունների և ժողովուրդների նկատմամբ թշնամանքի սերմանումը, սպասարկելով առաջին հերթին աշխարհաքաղաքական այլ կենտրոնների, պետությունների և միջազգային որոշակի կառույցների շահերը, իսկ որպես հետևանք՝ ՀՀ ազգային անվտանգության համար իրական սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի և Թուրքիայի պետական և ազգային շահերի սպասարկումը:

Հայաստանի Հանրապետությունում հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունների շիկացման փորձերն իրականում առաջին հերթին, ըստ էության, ունեն հենց հակահայկական ուղղվածություն, քանզի միտված են հայության հոգևոր, ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական կենսական շահերի խարխլմանը:

Ինչպե՞ս պայքարել այս ամեն կեղծիքի, ստի, մարդկանց ապակողմնորոշելու դեմ: Լուծումը մեկն է՝ ասել ճշմարտությունը փաստարկված, մասնագիտական հիմնավորմամբ, անշահախնդիր, ելնելով միմիայն Հայաստանի Հանրապետության և հայության ազգային-պետական շահերից: Ասել և գործել ամենուր, հասանելի բոլոր միջոցներով, կազմակերպված և համակարգված ձևով:

Ավագ Հարությունյան

Պատմական գիտությունների թեկնածու

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *