ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը ստում է

Levon Galstyan«Իրատեսի» զրուցակիցն է բնապահպան ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

«ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՆՔ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ «Lydian International» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԱՅԴ ԹՎՈՒՄ`ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ»
-Ամուլսարի շահագործման շուրջ մտահոգությունը գնալով մեծանում է. հայտնի է, որ 2005-2006 թթ. հիմնադրված «Lydian International» ընկերությունը, որը փորձում է Հայաստանում առաջ մղել Ամուլսարի ոսկու շահագործման ծրագիրը, այլ երկրներում ևս փորձել է նման ծրագրեր իրականացնել, մինչդեռ անհաջողության է մատնվել: Ի՞նչ ընկերության հետ գործ ունենք, ու ինչպե՞ս է, որ Lydian-ի առաջ մեր երկրում կանաչ լույս է վառվում:
-«Lydian International» ընկերությունը, որը օֆշորային ընկերություն է և գրանցված է Ջերսի հայտնի օֆշորային գոտում, հանքարդյունաբերության ոլորտում չունենալով փորձ՝ իր շուրջ միֆ է ստեղծել, թե ունեն գիտնականների, մասնագետների մի մեծ խումբ, և իրենց ծրագիրը Հայաստանում իրականացնում են լուրջ ուսումնասիրությունների հիման վրա: Ասում են, թե իրենք այնքան լուրջ կազմակերպություն են, որ ֆինանսավորվում են EBRD, IFS կորպորացիաների կողմից և գործելու են նրանց չափորոշիչներով: Եվ հայտարարում են, թե Ամուլսարի շահագործումը ոչ մի ազդեցություն չի ունենա բնական միջավայրի վրա:
Կներեք, նման պնդումներն անտեղյակ մարդկանց համար են, որոնք չգիտեն, թե ինչ է ոսկու արդյունահանումը բաց եղանակով: Ոսկու բաց եղանակով արդյունահանման և ցիանային եղանակով տարալվացման համաշխարհային փորձը ապացուցում է, որ ամենևին էլ միանշանակ չեն Lydian-ի պնդումներն այն մասին, թե բաց հանքի ապարների և դատարկ ապարների լցակույտի թթվային դրենաժի ու այլ տեսակի աղտոտումների արդյունքում Ամուլսարի ստորերկրյա ջրերը չեն փոխի իրենց քիմիական կազմը, և ծանր, վտանգավոր մետաղներով հագեցած ջրերը չեն տեղափոխվի Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից էլ Սևանա լիճ և Արփա գետ։
Փաստորեն, նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի կառավարությունները, հիմնվելով Lydian ընկերության ներկայացրած ինչ-որ փաստաթղթերի վրա, եզրահանգել են, որ կարելի է հանքը շահագործել, ու դրանից ոչ մի վտանգ չկա:
Մենք, որպես բնապահպաններ, հարց ենք հնչեցնում. եթե ՀՀ կառավարությունը չի կատարել ռիսկերի լիարժեք գնահատում, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչո՞ւ պետք է 100 տոկոսով հավատամ այն կազմակերպության գրածներին, որը հանքի շահագործման հարցում շահագրգիռ կողմ է: Իսկ այն բոլոր մասնագետները, գիտնականները, բնապահպանները, որոնք կապ չունեն այս ծրագրի հետ և Lydian ընկերությունից չեն ֆինանսավորվում, ասել է` ոչ մի շահագրգռություն չունեն, իրենց վերլուծություններում պնդում են, որ կան լուրջ վտանգներ, որոնք բացահայտված չեն, կամ էլ Lydian ընկերության ներկայացրած փաստերի վրա սխալ եզրահանգումներ են արվել:
Թվեմ այն ամենակարևոր ռիսկերը, որոնք մենք առանձնացնում ենք: Ցանկացած հանքարդյունահանման ընթացքում կան ռիսկեր, որոնք հնարավոր է կառավարել կամ մեղմել, բայց կան նաև անկառավարելի ռիսկեր: «Lydian International»-ի ծրագրում ներկայացված է այնպես, որ իրենց մոտ ամեն ինչ 100 տոկոսով կառավարելի է, ոչ մի խնդիր չի առաջանա: Մինչդեռ և՛ համաշխարհային, և՛ տեղական փորձը ցույց է տալիս, որ ոսկու բաց եղանակով արդյունահանման և ցիանային եղանակով տարալվացման ընթացքում չի գրանցվել գեթ մեկ դեպք, որ աղտոտում տեղի չունենա կամ այլ լուրջ խնդիրներ չառաջանան:
Եվ ահա, նման եղանակով Հայաստանում փորձում են հանք շահագործել մի տարածքում, որտեղ ձևավորվում են Որոտան ու Արփա գետերի վտակները, հանքավայրից ընդամենը 7-8 կմ հեռավորության վրա գոյություն ունի երկու հզոր հիդրոտեխնիկական ու ռազմավարական նշանակության կառույց` Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները: Սպանդարյանի ջրամբարը սնում է ամբողջ Սյունիքի մարզը, իսկ Կեչուտի ջրամբարը՝ Սևանա լիճը, և Արփա գետով՝ ամբողջ Վայոց ձորի մարզը: Բացի այդ, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները ստորերկրյա ջրատար թունելով միացած են իրար, որն անցնում է Ամուլսարի արևմտյան լանջի տակով: Եվ սա գտնվում է հանքավայրից ընդամենը 2 կմ հեռավորության վրա: Հիմա Lydian-ը պնդում է, թե հանքի շահագործումը Որոտան-Արփա թունելի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Իրենցից բացի ո՞վ է գնահատել, ո՞վ է երաշխավորել, ո՞վ է պատասխանատու, որ նման բան չի լինի:
-Իսկ Հայաստանում ռիսկերի գնահատում չի՞ կատարվել:
-Միանգամից ասեմ, որ և՛ Ամուլսարի, և առհասարակ, հանքարդյունահանման մյուս դեպքերում, որոնք կարող են ազդեցություն ունենալ բնական միջավայրի վրա, մեզանում ազդեցության իրական գնահատում չի կատարվում: 2011-ից ուսումնասիրել ենք բազմաթիվ ծրագրեր, մասնակցել ենք բազմաթիվ փորձաքննությունների և հասկացել, որ Հայաստանում փորձաքննություն կատարվում է ըստ ճաշակի, ըստ ցանկության և ըստ տրված գումարի կամ կաշառքի չափի, կամ էլ վերևից իջած հրամանի:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը հսկայական ազդեցություն կունենա մարդկանց առողջության ու սոցիալական վիճակի վրա: Մինչդեռ այս կարևոր հարցում գնահատումներ կատարել է միայն «Lydian International» ընկերությունը, իսկ մեր իշխանությունն ամբողջովին վստահել է նրան:
«Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, նաև բազմաթիվ մասնագետներ ասում են, որ ներկայումս հայտնի չէ, թե այդ 21 կմ երկարություն ունեցող թունելը, որն անցնում է Ամուլսարի լանջի ընդերքով, տեխնիկական ի՞նչ վիճակում է գտնվում: Ո՛չ կառավարությունը, ո՛չ նույն Lydian-ը համապատասխան հետազոտություն չեն արել: 2016-ի դեկտեմբերի 6-ին մենք հարցում ենք արել` պարզելու, թե արդյոք կառավարությունը գնահատե՞լ է Սպանդարյանի ջրամբարից դեպի Կեչուտի ջրամբար գնացող ստորերկրյա ջրատար թունելի տեխնիկական վիճակը, որպեսզի հետո, եթե անգամ այդ հանքը շահագործվի, կարողանանք հասկանալ, արդյո՞ք դրա արդյունքում իրավիճակ փոխվեց՝ բետոնը քայքայվե՞ց, թե՞ ոչ, ջրերի որակը փոխվե՞ց, թե՞ ոչ:
Ամիսներ անց ստացանք մեր հարցման պատասխանը։ Գրությունը ստորագրել էր ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը։ Չորս էջից կազմված գրությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ խուսափում է հստակ պատասխանից:
Մի կարևոր հանգամանք ևս կա. Lydian-ը պնդում է, որ փոփոխություն չի լինի ջրերի հետ: Սակայն իրականությունն այլ է. մենք պետական մարմիններից ստացած պաշտոնական փաստաթուղթ ունենք, որ այդ թունելով տարեկան միջին հաշվով 4,6 մլն խմ ջուր է հոսում՝ որպես ստորերկրյա հոսք: Ամուլսարի ստորգետնյա ջրերը լցվում են այդ թունել ու տեղափոխվում Կեչուտի ջրամբար: Մասնագետներն այն կարծիքին են, որ եթե հանքավայրը բացվի, բնականաբար, ներծծումը կուժեղանա, քանի որ պաշտպանիչ շերտը կբացվի, կստեղծվի մի հսկայական խոռոչ, որը տեղումների՝ ձյան, անձրևի հետ հանքաքարի մեջ եղած ծանր մետաղներն ու այլ թունավոր նյութերը կլցնի թունել, ինչն էլ կհոսի Կեչուտի ջրամբար: Դրանից հետո մի մասը կհոսի Սևանա լիճ, մի մասը՝ Արփայով ներքև՝ աղտոտելով ամբողջ ջրային ավազանները: Ո՞վ կարող է մեզ ապացուցել, որ նման բան չի կարող լինել՝ ոչ ոք:
Հաջորդը. այդ նույն ստորերկրյա ջրերը բեռնաթափվում են նաև ձորերում: Հանքավայրի շահագործման արդյունքում նույն մեխանիզմով այդ հանքավայրի բաց ապարների ջրերի որակն ամբողջովին կփոխվի, նոր որակի ջրեր են առաջանալու: ՈՒ այդ ամենը ծանր մետաղներով, այլ վտանգավոր նյութերով հագեցած՝ լցվելու է մեր գետերը: ՈՒ դարձյալ ոչ ոք գնահատական չի տալիս, թե ինչ տեղի կունենա ոռոգման նպատակով օգտագործվող մեր ջրերի հետ:
Հաջորդը. հանքավայրի շահագործման ժամանակ չի կարող փոշի չբարձրանալ, կամ քամին չի կարող այդ փոշին տեղից տեղ չտարածել: Այն, բնականաբար, կնստի ձնածածկի, արոտավայրերի, բուսածածկի վրա ու, հալոցքների արդյունքում, անձրևաջրերով կհոսի գետեր: Սա էլ ապացուցելու կարիք չունենք, քանի որ և՛ տեղական, և՛ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բաց հանքերից փոշու միջոցով վտանգավոր նյութերի տեղափոխում է կատարվում:
Այսպիսով, մենք ունենք այսպիսի իրավիճակ, երբ ջրբաժանի գագաթին ուզում են իրականացնել մի հսկայածավալ գործունեություն, որը կունենա աղետալի ազդեցություն մակերևութային ու ստորգետնյա ջրերի վրա: Հետևաբար, այն բոլոր գործողությունները, որոնք թեկուզ տեսականորեն, սակայն հաստատում են, որ հանքի շահագործումը կարող է ազդեցություն ունենալ մեր քաղցրահամ ջրերի պաշարների՝ Որոտան, Արփա, Դարբ գետերի, Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարների, Սևանա լճի վրա, մենք համոզված ենք, որ դրանց իրականացումը միանշանակորեն անթույլատրելի է:
Եթե նույնիսկ փոքր ինչ կասկած կա, որ մեր ջրային պաշարները կարող են վտանգվել, ուրեմն, այդ ծրագիրն իրավունք չունի կյանքի կոչվելու, որովհետև այն ազգային անվտանգության խնդիր է մեզ համար:
Դեռ 2012-ին Վլադիմիր Մովսիսյանը բացասական եզրակացություն է տվել ու նշել, որ չի կարելի այդ տարածքում հանք շահագործել: Բայց 2014-ին, նրա մահից հետո, այդ բացասական կարծիքը Յուրի Ջավադյանի ձեռքով դարձավ դրական: Հանքավայրի շահագործումը թույլատրած մարդիկ վաղը ի՞նչ պատասխան են տալու մեր ժողովրդին:
-ԱՄՆ դեսպանը, ամիսներ առաջ խոսելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մասին, շեշտեց. «Ես ուրախությամբ ուզում եմ փաստել, որ առաջին անգամ Հայաստանում և հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին համապատասխանում է Համաշխարհային բանկի և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած ստանդարտներին»։ Փաստորեն, դեսպանը ստում էր:
-Եթե դեսպանը ցանկություն ունի իրականությունը լսելու, ուրեմն գոնե մեկ անգամ պետք է հանդիպի այն մարդկանց հետ, ովքեր վեց տարի շարունակ այս ոլորտի ուսումնասիրությամբ են զբաղված: Պետք չէ լսել միայն նրանց, ովքեր իրենց համար ականջահաճո մտքեր են ասում:
Պետք չէ նաև ամեն անգամ մեր աչքը խոթել Համաշխարհային բանկի, Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած չափորոշիչները: Մենք ունենք մեր չափորոշիչները, համաձայն որոնց, մեր քաղցրահամ ջրերը վտանգող ցանկացած տնտեսական ծրագիր չպետք է իրականացվի, եթե անգամ այդ վտանգը տեսական է: Մեր ձեռքի տակ են բազմաթիվ մասնագետների կարծիքներ, ուսումնասիրել ենք համաշխարհային փորձը: Այնպես որ, ԱՄՆ դեսպանին խորհուրդ կտանք հարցը քննարկել այն մասնագետների հետ, որոնք կապ չունեն «Lydian International» ընկերության հետ, այդ թվում` Համաշխարհային բանկի:

«ԿԿՈՐՑՆԵՆՔ ՋԵՐՄՈՒԿԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ»

-Ջերմուկը առողջարանական կարևոր կենտրոն է, ՀՀ կառավարությունը հսկայական գումարներ է ներդրել Ջերմուկի զարգացման ծրագրի իրականացման համար: Բայց ստացվում է, որ Ամուլսարի շահագործմամբ ոչ միայն ձախողվելու է այդ ծրագիրը, այլև ոչնչացվելու է մեր ազգային հարստությունը: Այսպիսով՝ Ամուլսարի շահագործումն ի՞նչ վտանգ կարող է հասցնել Ջերմուկ առողջարանական կենտրոնին:
-Միանգամից ասեմ՝ ոսկու հանքի շահագործումը Ջերմուկի վրա կունենա խիստ վտանգավոր ազդեցություն, ինչը կդրսևորվի երկու ուղղություններով:
Առաջինը էկոլոգիական վտանգն է: Lydian-ի հետազոտությունների արդյունքում (որը պատվիրվել է Անգլիայում, իսկ մեր կառավարությունը դեռ ոչինչ չի արել, ու միայն շարունակում է հավատալ այս կազմակերպության ներկայացրածին), իբրև թե պարզվել է, որ Ջերմուկի հանքային ջրերն ու Ամուլսարի ջրերը իրար հետ ոչ մի կապ, առնչություն չունեն: Նաև ասում են, թե Ամուլսարի երկրաբանական բլոկն ամբողջովին առանձին է ու ոչ մի կապ չունի Ջերմուկի բլոկի հետ: Եվ եզրահանգում են, թե նրանց միջև հիդրոերկրաբանական, այսինքն՝ ստորգետնյա ու հանքային ջրերի կապ չի կարող լինել: Մինչդեռ մեր գիտնական-երկրաբանները, ուսումնասիրելով նույն Lydian-ի ուսումնասիրությունները, հանգել են հակառակ եզրակացության. ոչ միայն կապ ունի, այլև դրանք նույն ջրերն են:
Ինչ վերաբերում է Lydian-ի մյուս պնդմանը, որ Ամուլսարի երկրաբանական բլոկը ոչ մի կապ չունի Ջերմուկի բլոկի հետ, այստեղ ևս մեր երկրաբան գիտնականները հակադարձում են՝ նման բան չկա, երկրաբանորեն ապացուցված է, որ Ամուլսարի հրաբխային զանգվածի երկու հորիզոններից մեկը՝ ներքին հորիզոնը, հյուսիսում մտնում է Ջերմուկի սալի տակ:
Մյուս ապացույցը հետևյալն է. Որոտանն ու Արփան եղել են մեկ գետ: Ամուլսարը երբ բարձրացել է որպես հրաբխային զանգված, այս երկու գետերն իրարից անջատվել են: ՈՒրեմն, ինչպե՞ս կարող են այս գետերը իրար հետ որևէ կապ չունենալ:
Այսպիսով, ուսումնասիրելով Lydian-ի ներկայացրած գնահատականները, մենք տեսնում ենք, որ այս ընկերության ներկայացուցիչները համոզված են եղել, որ իրենց ներկայացրածը ոչ ոք չի կարդալու, իսկ կարդացողն էլ, միևնույն է, տալու է դրական եզրակացություն, որովհետև կա՛մ վերևից ունի հրաման, կա՛մ կաշառված է: Lydian-ի ներկայացուցիչները չեն էլ մտածել, որ հայ գիտնականները կարող են մանրամասնորեն ուսումնասիրել իրենց փաթեթը, կարող են լրջորեն վերլուծել այն ու գտնել բազմաթիվ անճշտություններ:
Lydian-ի պնդումներից մեկն այն է, թե թթվային դրենաժ չի կարող առաջանալ, որովհետև ծծումբ չկա, ասում են՝ միլիոնավոր տարիների ընթացքում այն ամբողջությամբ լուծվել է: Բայց հենց իրենց 2011-ին կատարած հետազոտության մեջ գրված է, որ հանքավայրից 500 մ հեռավորության վրա կա մի փոքր թթվային լճակ: Հարց է` եթե Ամուլսարի վրա թթվային դրենաժ չկա, ո՞նց է առաջացել այդ թթվային լիճը: Ի դեպ, Lydian-ը, լսելով մեր այս հարցադրումը, իր վերջին փաստաթղթից հանել է թթվային լճակի մասին տեղեկությունը՝ հասկանալով, որ դա վտանգավոր է իր համար:
Անդրադառնամ Ջերմուկի հետ կապված երկրորդ վտանգին: Ջերմուկ քաղաքը ստեղծվել ու զարգացել է որպես հանքային ջրերի հիման վրա կառուցված առողջարանական բուժական ու ընտանեական հանգստի գոտի: Ինչպես նշեցիք Ձեր հարցում, այո, կառավարությունը հատուկ ծրագիր ունի Ջերմուկի զարգացման վերաբերյալ, որի ներդրումներն ու սպասվող եկամուտները մի քանի անգամ շատ են, քան Ամուլսարից ենթադրաբար սպասվող եկամուտները:
Ի՞նչ է ստացվում. կառավարությունը խաչ է քաշում իր իսկ գրած ծրագրի վրա և որոշում 15 տարով մոռանալ բոլոր ծրագրերի մասին ու Ջերմուկը դարձնել հանքափորներին ու հանքահեններին սպասարկող քաղա՞ք: Lydian-ն արդեն 10 տարով վարձակալել է «Ջերմուկ աշխարհ» առողջարանը, որտեղ կապրեն հանքերում աշխատող հանքափորները, որոնց զգալի մասը կգա այլ երկրներից, նրանց թիվը կհասնի 300-ի:
Պատկերացնո՞ւմ եք, բուժական, ընտանեկան հանգստի քաղաքում ապրելու են տարբեր երկրներից ժամանած 300 տղամարդիկ, որոնք ընտանիքներով չեն գալու: Ապրելով Ջերմուկում, այդ 300 տղամարդիկ, բնականաբար, բավարարելու են իրենց տարբեր բնույթի պահանջները՝ ուտել-խմելուց սկսած, մինչև սեռական հաճույքներից օգտվելը: Այս ամենի մասին շատ պարզ գրված է Lydian-ի ծրագրում, ուր նշվում է, որ 300 հանքափոր, ապրելով Ջերմուկում, կարող են տուրք տալ ոգելից խմիչքներին, կարող են լինել դրանց չարաշահման դեպքեր, այսինքն՝ հարբեցողության աճ, նաև գրում են, որ դա կարող է հանգեցնել հանցագործությունների աճի: Նաև գրում են՝ կաճի վճարովի սեռական ծառայությունների մատուցման թիվը, հետևաբար կլինի սեռավարակների տարածման վտանգ, դրա համար իրենք պետք է սոցիալական ծրագրեր իրականացնեն Ջերմուկում ու մյուս համայնքներում, դա կլինի թրենինգներ կանանց ու աղջիկների համար, բոլոր հաստատություններում կտրամադրվեն անվճար պահպանակներ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվելու մեր Ջերմուկում: Կրկնում եմ` այս ամենի մասին գրված է իրենց իսկ ծրագրում:
Այսինքն, առողջարանային քաղաքը 15 տարով որոշում ենք դնել նման սարսափելի վիճակի մեջ: Մարդիկ, որոնք կուզենան բուժվելու կամ հանգստանալու նպատակով մեկնել Ջերմուկ, իմանալով, թե այն ինչ քաղաքի է վերածվել, բնականաբար, երբեք չեն գնա:
Այսինքն՝ 15 տարով մենք կորցնում ենք Ջերմուկը որպես բրենդ, որպես առողջարանային, ընտանեկան ու հանգստի գոտի: Թե 15 տարուց հետո քաղաքից ի՞նչ կմնա, կկարողանա՞ այն վերականգնվել, հարց է: Իսկ եթե հանկարծ իրականություն դառնա մեր գիտնական երկրաբանների մտավախությունն ու հանքի շահագործումն ազդի Ջերմուկի հանքային ջրերի որակի, շարժի վրա, ապա մենք առհասարակ խաչ կքաշենք «Ջերմուկ» առողջարանային համալիրի վրա՝ որպես ազգային հարստության:
Հիմա հարց եմ ուղղում հայրենի կառավարությանը` մենք ի՞նչ ենք դրել կշեռքի նժարին:
Նման ներդրումնե՞ր ենք ուզում բերել Հայաստան: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրում անելը պետության զարգացմանն ուղղված քայլ չէ, որովհետև այդ գումարները հիմնականում հոսելու են որոշակի մարդկանց գրպաններ: Հայաստանն ունի սահմանափակ տարածք, հետևաբար, հանքարդյունաբերության զարգացումը, այն էլ նման ծավալներով, կվտանգի մեր պետության գոյությունը:
Ամուլսարից ստացվող 370 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրում չէ, դա մեզ տրվում է մեր երկրի թալանի ու այն անվերադարձ աղտոտելու դիմաց:
Մենք չենք ընկրկելու ու ամեն կերպ պաշտպանելու ենք մեր երկիրը, նրա բնությունը, նրա ջրային պաշարները: Ամուլսարի ոսկու հանքերը շահագործել ցանկացողների, այն ֆինանսավորողների համար հեշտ չի լինելու:
Զրույցը`
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԻ

աղբյուրը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *